Անվանական կրթաթոշակի մրցույթ
«Հայաստանի ազգային հարստությունը ոչ թե հանքերն են, այլ կրթoջախները»։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հայտարարում է անվանական կրթաթոշակի մրցույթ, որին կարող են հավակնել ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի 2-4-րդ կուրսի այն ուսանողները, որոնք չունեն աշխատանքային զբաղվածություն և ունեն մեծ ցանկություն Հայաստանի հաշվապահների ասոցիացիայում կամ ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու հաշվապահական ոլորտը Հայաստանում։
Կրթաթոշակի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ ուսանողներին և հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման զարգացմանը։
Կրթաթոշակի շահառուները կստանան՝
- դրամական խրախուսում՝ ամսական 30 000 ՀՀ դրամ,
- անվճար մասնակցության հնարավորություն ոլորտի հայաստանյան լավագույն մասնագետների սեմինարներին,
- պրակտիկայի, հետագայում նաև աշխատանքի առաջարկ ստանալու իրական հնարավորություն ինչպես Հայաստանի հաշվապահների ասոցիացիայում, այնպես էլ ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում, այդ թվում՝ մարզային 33 քաղաքներում։
Կրթաթոշակի շահառու դառնալու պայմաններն են՝
- բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ի միավորը պետք է լինի 16.1 և բարձր),
- ներկայացված ինքնակենսագրական,
- մոտիվացիոն նամակ՝ «Ինչո՞ւ եմ ուզում դառնալ հաշվապահ» թեմայով (200-250 բառ),
- հանձնաժողովի կողմից կազմակերպված հարցազրույցի հաջող հաղթահարում։
Ցանկացողները պետք է մինչև 2023 թ․ հոկտեմբերի 20-ը ներառյալ գրանցվեն հետևյալ հղումով։