Պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար մրցույթ՝ ԱՄՆ Արիզոնայի պետական համալսարանից

17.09.2020
Դիտումների քանակ՝ 1686

ԵՊՀ և Արիզոնայի պետական համալսարանի գործակցության շրջանակում 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների ընթացքում նախատեսվում է դասախոսական կազմի համար հատուկ ծրագրի գործարկում, որը հնարավորություն կընձեռի առավելագույնը ութ դասախոսների կիսամյակային կացության ծրագրով մեկնել Արիզոնայի պետական համալսարան՝ ամերիկյան հետազոտությունների թիրախային բնագավառներում համապատասխան կրթական դասընթացներ մշակելու համար։

Ծրագրի իրականացման ժամկետները

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ մրցույթը հաղթահարած  դիմորդների ընտրված խումբը գտնվելու է Արիզոնայի պետական համալսարանում քառամսյա ժամկետով կամ 2021թ․ հունվարի սկզբից մինչև մայիսի սկիզբ, կամ 2021թ․ օգոստոսի վերջից մինչև դեկտեմբերի վերջ:

Ո՞վքեր իրավունք ունեն դիմելու

Խրախուսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի  բոլոր  ներկայացուցիչների  և ասպիրանտների դիմումները, ինչպես նաև Երևանում   գործող   հավատարմագրված  բուհերի,  որոնք  ներկայումս  ունեն հասարակագիտական  ծրագիր,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ովքեր  ամերիկյան  հետազոտությունների շրջանակներում ունեն դասավանդման և (կամ) հետազոտական հետաքրքրություններ:

Դիմումների վերջնաժամկետը

Ավարտուն դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2020թ. հոկտեմբերի 23-ը` ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, ինչպես նաև ուղարկվեն պրոֆ. Ալեքսանդր Մարգարովին` էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ amarkarov@ysu.am  և ԱՊՀ «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համաղեկավար, Արիզոնայի   պետհամալսարանի Մելիքյան կենտրոնի հիմնադիր-տնօրեն պրոֆ. Ստիվեն Բատալդենին` stephen.batalden@asu.edu: Ընտրված մասնակիցների հետ հարցազրույցը կանցկացվի 2020թ. հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին: Մրցութային հայտի արդյունքների մասին հայտարարությունը կկազմվի մինչև 2020թ. նոյեմբերի կեսերը:

ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի հիմնական նպատակներից է հավատարմագրված, միջազգայնորեն ճանաչված ամերիկյան հետազոտությունների (ամերիկագիտության) մագիստրոսական կրթական ծրագրի մշակումը և իրականացումը: Մագիստրոսական կրթական ծրագրի զարգացման գործում Երևանի պետական համալսարանը համագործակցում է Արիզոնայի պետական համալսարանի հետ։

Մանրամասն տեղեկատվություն՝ այստեղ։

Դիմումի ձևը՝ այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: