«Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 2023 թ․մրցույթի մեկնարկը տրված է
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) հայտարարում է 2023 թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթ, որի մասին ՀԲՄ-ից ստացված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։
Ամենամյա մրցույթին կարող են մասնակցել գիտական հոդվածների հեղինակներ, վերլուծաբան-հետազոտողներ (վերլուծական-հետազոտական կենտրոններ), ինչպես նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչներ։ Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին՝ իրենց աշխատանքներում անդրադառնալու ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2023 թ. ընթացքում հրապարակված ֆինանսաբանկային թեմաներով գիտական հոդվածներ, վերլուծական հոդվածներ և լրագրողական նյութեր։ Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:
Ներկայացված աշխատանքները գնահատելու է բանկային ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված հանձնաժողովը՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`
· Լավագույն գիտական հոդված
· Լավագույն լրագրողական անդրադարձ
· Լավագույն վերլուծություն
Լավագույն գիտական հոդված
Նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող, գիտական նորույթ պարունակող և մաթեմատիկական մոդել ներառող հրապարակված գիտական հոդվածին։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Բարձրագույն որակավորման հանձնաժաղով (bok.am))
Լավագույն վերլուծություն
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և թվային վերլուծություններ պարունակող մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է հրապարակված լինեն տպագիր կամ առցանց հարթակում։
Լավագույն լրագրողական անդրադարձ
Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։
Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2024 թ. առաջին եռամսյակում։ Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կստանա հավաստագիր և դրամական մրցանակ, որն այս տարի ավելացվել է:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ․ դեկտեմբերի 29։ Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել competition@uba.am էլփոստին։
Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։