Լույս է տեսել «Տնտեսագետի» 700-րդ համարը

Դիտումների քանակ՝ 1344

Հայ մամուլի մեծ ընտանիքում «Տնտեսագետն» իր հերթական ձեռքբերումն է փաստագրում. 41 տարիների ընթացքում՝ 700 թողարկում: Նոր հրատարակությամբ մեր ուրախությունն ենք շտապում փոխանցել սիրելի ընթերցողին և այս մասին տեղեկացնում ենք բազմագույն ու տոնական շապիկով: Ի դեպ՝ այս համարը գրեթե ամբողջությամբ տոնականությամբ է շնչում. իրադարձությունների անմիջական արձագանքողներն են ամսագրի աշխատակիցները և, իհարկե, մեր սիրելի ուսանողներն ու դասախոսները:
ՀՊՏՀ խորհրդի նիստի լուսաբանումը տեղեկացնում է, որ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրն արժանացավ հավանության:
Ֆրանսախոս ուսանողներ Հերմինե Պողոսյանը և Զառա Գրիգորյանը անդրադառնում են Ֆրանկոֆոնիայի ծագմանը, Հայաստան-Ֆրանկոֆոնիա համագործակցությանը, իսկ ամսագիրի գունեղ նկարաշարը և համառոտ լուրերը պատմում են Երևանում կայացած միջազգային այս խոշոր գագաթնաժողովի մասին:
Ուսանողուհի Սյուզաննա Գաբրիելյանը Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի առիթով ներկայացնում է Սարդարապատի հերոսամարտի «ճարտարապետին»՝ Մովսես Սիլիկյանին:
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի աշխատակից Մերի Աբգարյանը սիրո, ցավի, կորստի ու երախտագիտության իր խոսքն է հղում թախծոտ աչքերով ամենահային՝ մեզանից հեռացած մեծանուն ու լեգենդար Շառլ Ազնավուրին:
Գիտելիքի օրը և ուսումնական տարվա մեկնարկը նույնպես այս համարում տեղ ենք գտել և կրկին տոնականությամբ արտացոլվել:
Ինչպես նշեցինք, շատ են ուսանող-հեղինակները, նրանց չեն զիջում նաև ուսանող-հերոսները: Դրանց թվում են 2018 թ. լավագույն շրջանավարտներ Արփինե Մանուկյանն ու Հովսեփ Գյուրջինյանը, մեր անվանականները, շնորհալի ուսանողուհի Անի Կարապետյանը:
Սիրելի մայրաքաղաքին, Երևանի ծննդյան 2800-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում են Անի Ղազարյանը, Աստղիկ Նիկողոսյանը և Հակոբ Գրիգորյանը:
Եվ կրկին տոն՝ համալսարանում նշվել է ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձը:
«Երբ խոսում են թվերը…» նոր խորագիրը, որի հեղինակն է վիճակագրության ամբիոնի ասպիրանտ, «Ամբերդ» կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը, թվերի լեզվով բացահայտում է՝ աշխատում ենք ապրելո՞ւ, թե՞ ապրում աշխատելու համար:
«Համաշխարհային բրենդ» խորագրի հերոսը հայանուն հերթական բրենդի հիմնադիր և ոսկերչության առաջատար մասնագետ Էդմոն Ավակյանն է՝ «Մատանիների տիրակալը»:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները, «Մշտադիտարկում» խորագրում՝ ֆինանսական շուկաների հունիս-սեպտեմբերյան զարգացումները:
«Տնտեսագետի» տեսադաշտում են տնտեսագիտության բնագավառի Նոբելյան 2018 թ. դափնեկիրները և նրանց ուսումնասիրությունների ոլորտը. մեկնաբանում է մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժ/պ Կարեն Գրիգորյանը:
Այս անգամ արվեստի գաղտնագրերը վերծանելով՝ մեր ընթերցողը հետաքրքրական մանրամասներ կքաղի Էրեբունի ամրոցի մասին:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
Ամսագիրն արդեն բաշխված է, իսկ էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» խորագրի ներքո է, ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին