«SAP թվային լուծումների և ակադեմիական ինտեգրման մոտեցումները»․ կոնֆերանս ՀՊՏՀ-ում

23.02.2024
Դիտումների քանակ՝ 862

ՀՊՏՀ-ի և ձեռնարկությունների թվային կառավարման հավելվածների աշխարհի խոշորագույն մատակարար SAP ընկերության համագործակցության շրջանակում փետրվարի 22-ին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում տեղի ունեցավ «SAP թվային լուծումների և ակադեմիական ինտեգրման մոտեցումները» թեմայով կոնֆերանս։

Այն կազմակերպվել էր SAP University Allianc-ի ակադեմիական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՊՏՀ զարգացման ռազմավարության համադրման համատեքստում։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և SAP համալսարանական ալյանսի խորհրդի նախագահ Մայքլ Նյուրենբերգը՝ ընդգծելով համագործակցության անհրաժեշտությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում։

Կոնֆերանսին մասնակցում էին գործարար հատվածի ներկայացուցիչներ՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից։

Քննարկվեցին կրթության առևտրայնացման հնարավորությունները, ինչպես նաև այնպիսի կրթական կենտրոնի ստեղծումը, որն ուսանողներին և դասախոսական անձնակազմին հնարավորություն կտա հեռավար աշխատելու տարբեր երկրներում՝ SAP լուծումների միջոցով։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև համալսարանում նոր ստեղծված Թվային փոխակերպման և տվյալների վերլուծության կենտրոնի անհրաժեշտությունը՝ զարգացման նոր քաղաքականության ու բուհի միջազգայնացման համատեքստում։

Կոնֆերանսի մասնակիցների թվում էին նաև խոշոր տեխնոլոգիական կենտրոններում ներգրավված ՀՊՏՀ շրջանավարտներ, որոնք կարևորեցին բուհի հետ իրենց համագործակցությունը։

Այնուհետև տեղի ունեցավ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ստեղծված Թվային փոխակերպման և տվյալների վերլուծության կենտրոնի բացումը։