ՀՊՏՀ-ում ակտիվ քննաշրջան է

16.01.2023
Դիտումների քանակ՝ 1220

Այս օրերին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների քննական ստուգատեսն է՝ բանավոր և համակարգչային եղանակներով։ Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը, հետևելով քննությունների ընթացքին, եղել է քննասենյակներում, ուշագրավ դրվագներ արձանագրել գործընթացից։

«Թեթևություն»․ սա առաջին բառն է, որ կարելի է լսել քննասենյակից դուրս եկող ուսանողի շուրթերից։ Անգամ, եթե մթնոլորտը լարված չէ, ավելին՝ անկաշկանդ է ու դրական, ուսանողները խոստովանում են՝ քննասենյակի դուռը փակելուց հետո խոր շունչ են քաշում։

Էլեն Տիգրանյանը «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի է։ Կուրսի համարձակներից է՝ առաջիններից մեկն է մտել քննության։ Դուրս գալով խոստովանեց՝ լարվածությունն անցավ հարցատոմսը քաշելուն պես, պատասխանը գոհացրեց թե՛ իրեն, թե՛ քննող դասախոսներին ու գնահատվեց «գերազանց», իսկ «Բանկային և ֆինանսական մենեջմենթ» առարկայի դասախոս, տ․գ․թ․, դոցենտ Խորեն Մխիթարյանի շնորհիվ քննասենյակում մթնոլորտը թեթև էր, առանց լարվածության։ «Թե՛ պարոն Մխիթարյանը, թե՛ ամբիոնի մյուս դասախոսները պատրաստակամ են մեզ ցանկացած հարցում աջակցելու, խորհուրդ տալու, մոտիվացնելու»,- ասում է Էլենը՝ հավելելով, որ կուրսում, ընդհանուր առմամբ, մեծ է լավ սովորելու ձգտումը, ինչը ոգևորում է անգամ ծուլացողներին։

Մեր նկարահանումների պահին «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին «Արժեթղթերի շուկա» առարկայի շրջանակներում քննում էր ֆինանսների ամբիոնի դասախոս Նարինե Բալասանյանը։ Մարիամ Հովհաննիսյանը 20 միավոր ստացավ․ փայլուն պատասխան, առավելագույն արդյունք, և մեկնաբանություններն ավելորդ են։ «Արժեթղթերի շուկա» դասընթացին ստացած գիտելիքների շնորհիվ, Նարինե Բալասանյանի փոխանցմամբ, ուսանողները կկարողանան մասնակցել ՀՀ կենտրոնական բանկում կամ Հայաստանի բանկերի միությունում կազմակերպվող որակավորման քննություններին, աշխատել ներդրումային ընկերություններում և առևտրային բանկերում։ Ուսանողների ունակություններին ծանոթ է դեռևս առաջին կուրսից․ «Կուրսը շատ լավն է, հետաքրքրվածությունը առարկայի նկատմամբ՝ բավականին բարձր։ Բանավոր քննություն է, հուզմունքի գործոնն առկա է, բայց գիտելիքի ստուգման առումով այս եղանակը որոշակի առավելություններ ունի․երբ ուսանողը շեղվում է հարցից ու սխալ ուղղությամբ գնում, կարողանում ենք միջամտել ու կողմնորոշել, և եթե տիրապետում է թեմային, ապա պատասխանում է»։

Հաջորդ կանգառը տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետն էր կամ, ինչպես ուսանողներն են կոչում՝ «բարձրահարկը»։ «Միջազգային տնտեսագիտություն‒2» առարկան, որ միջազգային արժութավարկային հարաբերությունների մասին է, «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները լավ են յուրացրել։ Տ․գ․թ․, դոցենտ Ժորա Սարգսյանը ուսանողների հետ աշխատում է դեռևս 2-րդ կուրսից։ Ըստ նրա՝ կուրսում առաջադիմության ընդհանուր մակարդակը բավականին բարձր է, ինչը կվկայեն նաև քննությունների վերջնական արդյունքները։ Նա վստահ է՝ բանավոր քննությունը հաստատապես ավելի արդյունավետ է, քանի որ հնարավորություն է ընձեռում հարցադրումների միջոցով բացահայտելու ուսանողի ներուժն ու գիտելիքը»։

Դասախոսը նկատում է՝ աշխատող ուսանողները կուրսում քիչ չեն, դա ունի և՛ առավելություններ, և′ թերություններ․ «Աշխատող ուսանողները սովորելուն զուգահեռ գործնական գիտելիք ու հմտություններ են ձեռք բերում, բայց որոշ դեպքերում աշխատանքը կարող է խոչընդոտել սովորելուն՝ կապված հաճախումների հետ։ Այնուհանդերձ, եթե կարողանում են աշխատանքը և ուսումը արդյունավետորեն համատեղել, ապա ես միայն խրախուսում եմ»։

«Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները 2 համակարգչային քննություն են հանձնել, 2 բանավոր քննություն էլ առջևում է։ Աննա Խաչատրյանի նախապատվությունը հօգուտ բանավոր քննության է, որի դեպքում, ըստ նրա, կարևոր է մարդկային գործոնը․ «Դասախոսը հնարավոր է քեզ ճանաչի և քո խոսքը գնահատելով՝ որոշ զիջումների գնա, իսկ համակարգչային քննությանը դու ես, համակարգիչը և ունեցածդ գիտելիքը»։

Այս պատասխանատու ժամանակահատվածում հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ուսանողներին և հիշեցնում, որ Տնտեսագիտական մայր բուհում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման սովորողների 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի քննությունները, որոնք մեկնարկել են հունվարի 3-ին, կշարունակվեն մինչև հունվարի 20-ը ներառյալ։

Առկա ուսուցման համակարգի ուսանողների դասերը կմեկնարկեն փետրվարի 6-ին։

Քննասենյակներից արված լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։