ՀՊՏՀ-ն կշարունակի աշխատաշուկայի համար մրցունակ և պահանջված վիճակագիրներ պատրաստել․ մագիստրոսական ծրագրի ներկայացում

01.06.2023
Դիտումների քանակ՝ 1110

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» կրթական ծրագրի մագիստրանտների համար շարունակվում են մասնագիտական նորանոր հեռանկարներ բացվել, այն ՀՊՏՀ կայացած և պահանջված մասնագիտություններից մեկն է։ Երեկ կրթական ծրագրի ներկայացմանը ասաց ծրագրի ղեկավար, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Քթոյանը։

«Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն»-ը բուհի մագիստրոսական կրթական ծրագրերից է, որի դասավանդմանը ներգրավված են ինչպես համալսարանի լավագույն դասախոսները, այնպես էլ ոլորտում աշխատանքային փորձ ունեցող առաջատար մասնագետներ: 1.5 տարի տևողությամբ կրթական ծրագիրը մշակվել է տվյալագիտության, կիրառական վիճակագրության և բիզնես վերլուծությունների ոլորտներում մեծ հեղինակություն վայելող արտերկրի առաջատար համալսարանների հաջողված փորձի վերլուծության, դրա տեղայնացման և գործատուների պահանջարկի ուսումնասիրության արդյունքում։ Ընդ որում, սա ՀՊՏՀ միակ կրթական ծրագիրն է, որի ուսանողները հնարավորություն ունեն մագիստրոսական կրթություն ստանալու՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ինչը շատ դեպքերում ենթադրում է, որ աշխատող անձանց համար ուսումնառությունը կդառնա անվճար: ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Աղավնի Հակոբյանի խոսքով՝ սա կրթական ծրագրի մրցակցային առավելություններից միայն մեկն է․ «Ծրագրի շրջանավարտներն այսօր աշխատաշուկայում խիստ պահանջված են, քանի որ տվյալագիտությունը լայն թափ է ստանում։ Մագիստրատուրայում ստացած գիտելիքն ու հմտությունները շրջանավարտներին հնարավորություն կտան ձեռք բերել որակավորման նոր աստիճան և աշխատանքի շուկա մուտք գործելու պարագայում կարիերայի առաջընթացի մեկնակետ հանդիսանալ»։

Ծրագրի նախորդ տարիների շրջանավարտներ Տաճատ Պապոյանն ու Տիգրան Ղալայանը արդեն իսկ համալրել են ՀՀ տնտեսության բանիմաց և որակավորված մասնագետների շարքերը։ Արմեն Քթոյանը հիշում է՝ տղաները դեռ մագիստրանտ էին, երբ նրանց համար մրցակցում էին տարբեր գործատուներ։ Այս ծրագրով աշխատանքի տեղավորման ցուցանիշը 100 տոկոս է, ընդ որում՝ շատերն ուսման տարիներին են աշխատում մասնագիտությամբ՝ հրաշալի կերպով ուսումը համատեղելով աշխատանքի հետ։