ՀՊՏՀ–«Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ․ ստորագրվեց համագործակցության հուշագիր

24.10.2023
Դիտումների քանակ՝ 716

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Էփրիքոթ կապիտալ» (Apricot Capital CJSC) ներդրումային լիցենզավորված ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հոկտեմբերի 24-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը միտված է գործնական հարթությունում համալսարան-գործատու հարաբերության սերտացմանը։

Երկկողմ գործակցությունը նախատեսում է համատեղ ուսումնական, գիտական, հետազոտական, փորձառության ծրագրերի իրագործում։ Եվ գլխավորը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՊՏՀ նոր գործընկերը համալսարանի ֆինանսական ֆակուլտետում կվերանորոգի և կկահավորի անվանական լսարան։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ բուհն անում է ամեն ինչ՝ տեսական հարուստ գիտելիքին զուգահեռ ուսանողներին գործնական հմտություններ փոխանցելու ուղղությամբ և այդ համատեքստում համագործակցում է գործատուների հետ։

«Ուրախալի է, որ «Էփրիքոթ կապիտալը» ցանկություն է հայտնել ավելի բարելավել մեր ուսանողների ուսումնառության պայմանները՝ լսարան նվիրելով բուհին։ Լսարանը կկոչենք «Էփրիքոթ», որպեսզի ավելի ամրապնդվի ընկերության անունը և, որպես գործատու, ճանաչելի դառնա ուսանողների շրջանում»,- ասաց Դիանա Գալոյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վաչիկ Գևորգյանը նշեց.
«Հաշվի առնելով այն փաստը, որ ներդրումային գործունեությունն ու այդ տեսակի ընկերությունները Հայաստանում դեռ նոր են սկսում զարգանալ, շատ կարևոր ենք համարում, որ երիտասարդները հենց ուսանողական տարիներից հնարավորություն ունենան ծանոթանալու այս ոլորտի ընկերություններում աշխատելու նրբություններին։ Ուստի, տվյալ համատեքստում բուհ-մասնավոր համագործակցությունն առավել քան կարևոր է։ Մեր ընկերությունում փորձառությունների (պրակտիկա) և փորձի փոխանակման միջոցառումների միջոցով երիտասարդ կադրերին հասանելի ենք դարձնելու միջազգային ֆինանսական շուկաներում առկա ժամանակակից միտումներն ու նպաստելու ենք նոր գիտելիքի ձեռքբերմանը։ Իսկ լավագույն ուսանողները հետագայում նաև հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու մեր ընկերությունում»։