ՀՊՏՀ աշխատակիցները խորացնում են միջազգային համագործակցությունը

12.07.2022
Դիտումների քանակ՝ 1527

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Հայկ Բեջանյանն ընդգրկվել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (Լեհաստան) Հետազոտական ​​աշխատանքներ տնտեսագիտության և ֆինանսների ոլորտում (Research Papers in Economics and Finance (REF, ISSN 2543-6430)) գիտական պարբերականի միջազգային խմբագրական-խորհրդատվական խորհրդի կազմում։

Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2021 թ. դեկտեմբերի 12-18-ը Հայկ Բեջանյանը դասախոսություններով հանդես էր եկել Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում, իսկ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2022 թ. փետրվարի 5-ին երկու համալսարանների միջև կայացել էր գիտական սեմինար։

«Լեհ գործընկերների հետ համագործակցության շրջանակում Հանրային ֆինանսների ինստիտուտի ղեկավարության կողմից առաջարկ եղավ՝ ընդգրկվելու նաև գիտական պարբերականի խորհրդի կազմում, որին մեծ սիրով համաձայնեցի, քանի որ սա երկու համալսարանների միջև ձևավորված համագործակցության ևս մեկ կապող օղակ է հանդիսանալու, միևնույն ժամանակ միջազգային պարբերականներում հրապարակումներով հանդես գալու նոր հնարավորություններ է ընձեռելու մեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկ Բեջանյանը։

2016 թ. հիմնադրված Research Papers in Economics and Finance (REF, ISSN 2543-6430) գիտական պարբերականը բաց հասանելիությամբ միջազգային հանդես է, հրատարակվում է անգլերենով, տարեկան 4 անգամ, ինդեքսավորված է եվրոպական և համաշխարհային մի շարք հեղինակավոր գրադարաններում։

«Չնայած երիտասարդ տարիքին՝ պարբերականը բավականին բարձր հեղինակություն է վայելում մասնագետների շրջանում, և այժմ մեր առջև խնդիր ենք դրել՝ ջանքեր գործադրելու, որպեսզի մոտ ապագայում այն վարկանշավորվի նաև որպես ազդեցության գործոն ունեցող պարբերական»,- հավելեց Հայկ Բեջանյանը։

Նշենք, որ ՀՊՏՀ-ի և ՊՏԲՀ-ի միջև համագործակցությունը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բավականին ակտիվ է ընթանում։ ՀՊՏՀ բազմաթիվ ուսանողներ փոխանակային ծրագրով սովորում են ՊՏԲՀ-ում։ Միևնույն ժամանակ, ՀՊՏՀ դասախոսներից փոխանակային ծրագրով արդեն դասավանդել են վերոնշյալ համալսարանում, իսկ մոտ ապագայում կլինեն նոր գործուղումներ։