Քննարկումների սեղանին է 2023-2027 թթ․ ՀՊՏՀ զարգացման ռազմավարությունը

14.12.2022
Դիտումների քանակ՝ 1102

Հանրային քննարկման դրված «ՀՊՏՀ զարգացման ռազմավարություն․ 2023-2027» նախագծի աշխատանքային խմբի անդամներն օրերս ամփոփել են փաստաթղթի բարեփոխմանը միտված առաջարկություններն ու դիտողությունները։

Տնտեսագիտական համալսարանի առաջիկա հնգամյա գործունեության առանցքային ուղղություններն արտացոլող այս փաստաթուղթը մշակվել է ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գլխավորությամբ։ Փաստաթուղթը գրագետ ու հետևողական աշխատանքի արդյունք է, որը կյանքի են կոչել աշխատանքային խմբի անդամները՝ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյան, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյան, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյան, վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Մամիկոն Հովհաննիսյան, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյան, որակի ապահովման բաժնի պետ Անի Հակոբյան, Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյան, ուսխորհրդի նախագահ Արև Մանուկյան։

Նախագծի հանրային քննարկումը մեկնարկել էր դեկտեմբերի սկզբին, երբ փաստաթուղթն ուղարկվել էր համալսարանի գործընկեր-գործատուներին, ուսանողներին և շրջանավարտներին՝ արժանանալով դրական արձագանքների։ Արժեքավոր դիտողություններն ու առաջարկությունները աշխատանքային խումբն ընդունել էր ի գիտություն՝ ընդգծելով, որ կարևոր շեշտադրումները կծառայեն ռազմավարության բարեփոխմանը։

Փաստաթուղթը նաև ուղարկվել է ՀՊՏՀ ամբիոններ, դեկանատներ, ստորաբաժանումներ՝ նախագծի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, աշխատակիցներին և ուսանողներին։ Վերջիններս ուսանողական խորհրդում կայացած շահագրգիռ քննարկմանը հանդես են եկել կառուցողական առաջարկություններով։

ՀՊՏՀ ֆակուլտետային 6 խորհուրդների նիստերում ռեկտոր Դիանա Գալոյանն իր գործընկերներին անձամբ է ներկայացրել ռազմավարության գերակայությունները, նախատեսվող ծրագրերն ու ակնկալվող արդյունքները, առանցքային շեշտադրումներով ընդգծել հիմնական նպատակադրումները՝ կրթության և գիտության որակի, համալսարանի հետազոտական հեղինակության, միջազգային մրցունակության, կառավարման արդյունավետության մակարդակի բարձրացում և սոցիալական պատասխանատվություն։

Անդրադառնալով ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու դրանից բխող առաջնահերթություններին՝ միտված նորարարական համալսարանի կերտմանը, ռեկտորը մասնավորապես ասել է․ «Մենք գիտակցում ենք բարձրորակ մասնագետների պատրաստման գործում ՀՊՏՀ դերը, մասնագետներ, որոնք իրենց ներդրումն են ունենալու ՀՀ տնտեսության կայուն զարգացման և առաջընթացի մեջ: Դրան հասնելու մեր ընտրած ճանապարհը կրթության և հետազոտության որակի ապահովումն է։ Ներկայացվող փաստաթուղթն արտացոլում է մեր գլխավոր թիրախները և դրանց հասնելու ուղիները»։

Նախատեսվում է ՀՊՏՀ 2023-2027 զարգացման ռազմավարությունը հավանության ներկայացնել ՀՊՏՀ գիտական խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստին։