ՀՊՏՀ մագիստրանտը՝ պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1743

Ոսկե մեդալով ու մեծ ոգևորությամբ այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին էր եկել նոյեմբերի 15-19-ը Թբիլիսիում կայացած պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնության չեմպիոն, Էդգար Բադալյանը, ով սովորում է մեր համալսարանի բանկային գործունեության կազմակերպում մասնագիտության հեռակա մագիստրատուրայի 1-ին կուրսում:
Վերոնշյալ մարզական ստուգատեսին մասնակցել են 15 երկրների շուրջ 350 մարզիկներ: Մեզ հետ զրույցում, նախքան իր հաջողությունների մասին խոսելը, Էդգարն ասաց, որ Հրազդան քաղաքից է: Ապա նշեց՝ այս սպորտաձևով զբաղվում է 2010 թվականից և Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնության 2017 և 2018 թվականների չեմպիոն է: Իսկ ահա Եվրոպայի չեմպիոն դառնալը նոր հորիզոններ է բացել խոստումնալից մարզիկի առջև:
«Հայաստանի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո ոգեշնչվեցի և որոշեցի ուժերս փորձել նաև միջազգային առաջնությունում: Նշեմ նաև, որ Եվրոպայի առաջնությունում հաղթելով՝ հրավեր եմ ստացել մասնակցելու նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Լեհաստանում կայանալիք «Առնոլդ Կլասիկի գավաթ»-ին»,-ասաց մագիստրանտը:
Սպորտից զատ, Էդգարը կարևորում է մասնագիտական կրթությունը: Բակալավրի աստիճան է ստացել Ագրարային համալսարանում, այնուհետև ընդունվել է ՀՊՏՀ մագիստրատուրա: Հետաքրքրված է բանկային ոլորտով և հմտանալուց հետո նախատեսում է աշխատել բանկում:
Շնորհավորում և նոր ձեռքբերումներ ենք մաղթում:
Հ.Գ. Վերջին երկու լուսանկարները տրամադրել է Էդգարը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին