ՀՊՏՀ ուսանողը կայք է ստեղծել, որը հեշտացնում է կուրսում առցանց կրթության կազմակերպման գործընթացը

Դիտումների քանակ՝ 2389

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ, 2-րդ կուրս. ամեն ինչ սկսվեց «Ինֆորմատիկա» առարկայի դասախոսի մրցույթ-առաջադրանքից, պետք էր կայք ստեղծել` ինքնատիպ ու գրավիչ դիզայնով ու հնարավորություններով: Նշված կուրսի ուսանողուհի Վալենտինա Ստեփանյանն առաջադրանքը կատարելիս անմիջապես իրագործում է իր օրիգինալ մտահղացումը` կայքը ծառայեցնելով կուրսում առցանց կրթության կազմակերպման գործին: Այսպիսով, Վալենտինան իր ստեղծած կայքում համախմբում է բոլոր 60 կուրսընկերներին և իրենց դասավանդող դասախոսներին` նույնականացնելով (իդենտիֆիկացնել) նրանց:

«Հեռավար կրթության պարագայում ուսանողը կարիք ունի կապ հաստատելու դասախոսի հետ և հակառակը: Բացի դրանից, կուրսում կան բանակից զորացրված ուսանողներ, որոնք գրեթե չեն ճանաչում մեր կուրսեցիներին, դասախոսներին: Ես իմ կայքում բոլորի` դասախոսների և կուրսեցիների անուն-ազգանուններին ակտիվ հղումներով կցել եմ նրանց ֆեյսբուքյան էջերը, ինչը հնարավորություն է տալիս արագորեն կապ հաստատել միմյանց հետ: Սա հեշտացնում է առցանց կրթության կազմակերպական գործը: Ըստ իս, այս պահին ֆեյսբուքն ամենաարագ կապ հաստատելու հարթակն է»,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նախաձեռնության հեղինակ-ուսանողուհին և հավելեց, որ կայքի բովանդակությունը համալրվում է ուսումնառությանն առնչվող օգտակար հղումներով` առցանց գրադարանից մինչև ՀՊՏՀ պաշտոնական ֆեյսբուքյան էջ: Գաղափարն իսկապես օգտակար է և ծառայում է կրթության կազմակերպման գործին: Այս մասին են վկայում Վալենտինային ուղղված դասախոսների և կուրսեցիների գնահատականն ու շնորհակալական խոսքերը:

Նշենք նաև, որ ուսանողուհու ստեղծարար նախաձեռնության մասին մեզ հայտնեց կառավարման ֆակուլտետի փոխդեկան Վարդան Վլասյանը: Իսկ կայքի համար ուսանողուհին դասախոս Գայանե Տերտերյանից գնահատականի է սպասում այս չորեքշաբթի: Չենք կասկածում, որ կգնահատվի ոչ միայն կայքի ստեղծման աշխատանքը, այլև հեղինակի ինքնատիպ գաղափարը:

Հ.Գ. Երկրորդ լուսանկարը կայքի գլխավոր էջն է: Կայքը հասանելի է միայն կուրսի ուսանողների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին