ՀՊՏՀ ուսանող Լևոն Աղասյանը միջազգային առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել

Դիտումների քանակ՝ 1271

Հունիսի 5-ին Աթենքում 9 երկրների մասնակցությամբ տեղի ունեցած «International jumping meeting» առաջնությունում Հայաստանը ներկայացնող միակ եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.50 արդյունքով գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Լևոնը մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող է (հեռակա), և պրոֆեսիոնալ մարզիկի հերթական հաղթանակի առիթով լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ է հաստատել նրա հետ, հետաքրքրվել՝ ինչ տպավորություն ունի առաջնությունից, որքանով էր այն կարևոր:

Այս պահին Հունաստանում գտնվող մարզիկը ոգեշնչված է իր նվաճումից, նշեց, որ սա ամառային շրջանի առաջին մրցույթն էր, խոստումնալից մեկնարկ էր:

«Կարելի է ասել՝ ամառը ընդհանուր առմամբ լավ եմ սկսել, իհարկե, հաջորդ մրցաշարերին առավել լավ մասնակցելու համար աշխատելու շատ տեղ ունեմ: Ինչպես ցանկացած մրցույթից հետո՝ այժմ էլ հպարտ եմ, որ կարողացա կրկին Հայաստանի անունը հնչեցնել միջազգային ասպարեզում, դա ինձ համար ամենամեծ մոտիվացիան է»,-ասաց նպատակասլաց եռացատկորդը:

Ուրախ ենք կրկին շնորհավորել Լևոն Աղասյանին և մեծ սպորտում մաղթել նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին