Լույս է ընծայվել «Տնտեսագետի» աշնանային համարը

Դիտումների քանակ՝ 1381

Ամսագրի այս համարը արտացոլում է ուսումնական նոր տարվա մուտքը և աշնանային կիսամյակի երկու ամիսները՝ բարեփոխումների մեկնարկով, նոր ծրագրերի ու անելիքների նախանշմամբ, գիտական ու հանրամատչելի հետաքրքրական հոդվածներով, տնտեսական կյանքի իրադարձություններով ու բազմազան նորություններով:

Համառոտ ներկայացնենք բովանդակությունը:

Ամսագրի շապիկը փոխանցում է աշնանային գուներանգներ ու բարձր տրամադրություն, երկրորդ էջում Աշխատանքի տոնավաճառից մեկ ակնթարթ է:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ուղերձը բուհի ղեկավարության պատրաստակամությունն է արտահայտում՝ դառնալու նոր որակի համալսարան՝ համահունչ առաջընթացին ու զարգացմանը:

Առաջին ռեպորտաժը նվիրված է Գիտելիքի օրվան և ներկայացնում է առաջին կուրսեցիների, ինչպես նաև ավագների մուտքը համալսարան և քոլեջ:

«Միջազգային գիտաժողով» խորագրի ներքո խոսվում է տարածաշրջանային հիմնախնդիրների քննարկման, հաջորդիվ՝ ՀՊՏՀ-ում կայացած Աշխատանքի տոնավաճառի, ՀՊՏՀ–ՈՒՄԵՖ համագործակցությամբ մագիստրոսական ծրագրի առաջին թողարկման մասին:

Համալսարանը հանդես է գալիս որպես իր ուսանողների և շրջանավարտների առաջին գործատու, Ուսանողական գիտական ընկերության գործունեության նոր շրջափուլ է մեկնարկել. այս նորությունները ևս մեր դիտակետում են:

Ընդերքօգտագործման հիմնական հասկացությունները և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն է պարզաբանում Նադեժդա Աֆյանը:

«Մեր լավագույնները» խորագրում երեք ուսանողի դիմանկար է, որոնք սովորող են, պայքարող ու լավատես:

Ինչպես միշտ, հետաքրքրական է Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը»՝ Հայաստանի տնտեսական կյանքի նորություններով ու վերլուծություններով:

Լենա Հովհաննիսյանը և Արփինե Մխիթարյանը ներկայացնում են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի իրադարձությունները, Գոհար Գրիգորյանի հետ հարցազրույցը բացահայտում է, թե ինչպես է TED հանրությունը հավատում գաղափարի ուժին:

Ռաֆայել Երվանդյանը 80 տարեկան է: «Տնտեսագետը» շնորհավորում է ու արժևորում նրա տեղն ու դերը՝ որպես խմբագիր, գրող ու մտավորական: «Կոմիտաս - 150» խորագրի ներքո մեծ երգահանի մասին պատումներ են՝ քաղված Ռ. Երվանդյանի նոր հուշագրություն-գրքից:

Գրիչ ու գրենական պիտույքներ արտադրող «Պարկեր» ընկերության և նրա հիմնադրի մասին է պատմում «Համաշխարհային բրենդ» խորագիրը:

«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:

Առանձին խորագրով ներկայացված են 2019 թ. տնտեսագիտության բնագավառի Նոբելյան դափնեկիրները:

«Էրազմուս+»-ում համալսարանի միջազգայնացման գործընթացի առանցքային նորություններն են, իսկ Հայկ Քալանթարյանը պատմում է ծրագրի շրջանակում իր փորձառության մասին:

«Վարքուբարքը» Երևանը սիրելու և պահպանելու մասին է, «Մարզական»-ը՝ բուհի ուսանող-մարզիկների հաջողությունների:

Սիրելի՛ ընթերցողներ, հեղինակներ, ամսագիրն արդեն հասցեագրվել է ձեզ՝ ստորաբաժանումներ, ամբիոններ, ֆակուլտետներ: Իսկ էլեկտրոնային տարբերակն այս պահից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին