Մշակութային հաղորդակցություն 12 երկրների երիտասարդների միջև

07.06.2021
Դիտումների քանակ՝ 1380

Մայիսի 31-ից հունիսի 11-ը գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի և ՀՊՏՀ համագործակցության շրջանակում մեր համալսարանում են 12 երկրից 106 երիտասարդներ, որոնք մասնակցում են ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը միտված միջազգային սեմինարների։

Երիտասարդների վերապատրաստումը հագեցած է մշակութային հաղորդակցությամբ. ամեն երեկո, յուրաքանչյուր երկրի պատվիրակները կազմակերպում են հյուրասիրություն՝ ներկայացնելով իրենց խոհանոցը, մշակույթը, ազգային սովորույթներն ու արժեքները։ Հիշարժան ու լիցքավորող են նաև ֆուտբոլային երեկոները։

Այս ընթացքում նրանք հասցրել են ճաշակել նաև հայկական համեղ ուտեստները, փորձել են սովորել հայերեն բառեր ու արտահայտություններ, ինչպես նաև՝ մեր ազգային պարերը, շրջել են Երևանի, Հայաստանի տեսարժան վայրերով և արդեն իսկ հարուստ տպավորություններ կուտակել։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, երիտասարդներն ամեն պահի բացահայտում են Հայաստանը, ծանոթանում հայկականին ու հիանում, վայելում հայերի հյուրընկալությունն ու ջերմությունը։ Բաժնի պետի խոսքով՝ նրանք այնքան են սիրել Հայաստանը, որ հրաժեշտը չեն ցանկանում պատկերացնել:

Լուսանկարներում՝ այս օրերի մշակութային գունեղ եռուզեռն է։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին