«Էրազմուս+». արդյունավետ համագործակցություն լեհաստանցի գործընկերների հետ

11.02.2022
Դիտումների քանակ՝ 1373

Եվրոպական միության «Էրազմուս ծրագրի շրջանակում սույն թվականի հունվարի 10-14-ը Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան (Լեհաստան) է այցելել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի կառավարման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գարիկ Սիրոյանը:

Այցի շրջանակում մեր գործընկերը վերոնշյալ համալսարանի կորպորատիվ ռեսուրսների կառավարման ֆակուլտետում հանդես է եկել մի շարք դասախոսություններով, այդ թվում՝ «Աշխատուժի միգրացիան և մարդկային կապիտալի վերարտադրությունը» և «Աշխատուժի միգրացիայի տնտեսական հետևանքները և COVID-19» թեմաներով:

Գարիկ Սիրոյանը նաև հանդիպումներ է ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խորացնելու երկու բուհերի միջև կապերն ու համագործակցությունն ինչպես «Էրազմուս ծրագրի շրջանակում, այնպես էլ փոխգործակցության այլ հարթակներում նույնպես: Քննարկվել են համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու և համատեղ գիտական հրապարակումներով հանդես գալու հեռանկարներ:

«Լեհական կողմից առաջարկ է ստացվել «Ձեռնարկությունների ռեսուրսների կառավարում. համաճարակի ժամանակաշրջանի փորձի հիման վրա» մենագրության մեջ ներառելու նաև Հայաստանի Հանրապետության փորձը: Ներկայումս ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանի հետ պատրաստում ենք համապատասխան նյութեր, որոնք կընդգրկվեն աշխատության մեջ»,- ասում է Գարիկ Սիրոյանը:

Մեր գործընկերոջ այցի մասին կարող եք կարդալ նաև Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի պաշտոնական կայքում։