Ավարտվեց օտարերկրյա ուսանողների կարճաժամկետ դասընթացը

18.06.2024
Դիտումների քանակ՝ 693

Այսօր ՀՊՏՀ-ում ավարտվեց միջազգային փոխանակման կարճաժամկետ ծրագրերով օտարերկրյա ուսանողների համար նախատեսված 21-օրյա դասընթացը, որը կայացավ հնդկական «Գրինս Օվերսիս Ֆյուչըր Սոլուշնս» ընկերության տնօրեն Գոկուլ Գոպանի հետ համագործակցության արդյունքում: Այս անգամ մեր հյուրերը Հնդկաստանի RG Առևտրի և կառավարման ինստիտուտի (RG Institute of Commerce and Management) տարբեր ֆակուլտետների և կուրսերի 8 ուսանողներն էին։

Դասընթացի շրջանակում ուսանողներն ուսումնասիրել են «Միջազգային տնտեսագիտություն» (International Economics) և «Start-up-ի կառավարում» (Start-up Management), դասախոսել են Տաթևիկ Վարդանյանը և Ռոբերտ Բաբայանը։ Ծրագրի շրջանակում ուսանողները նաև այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և NVIDIA ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն։

ՀՊՏՀ մեծ դահլիճում արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և Հնդկաստանի RG Առևտրի և կառավարման ինստիտուտի նախագահ Շվեթա Գանդին հանձնեցին ավարտական հավաստագրերը՝ շնորհավորելով ուսանողներին, ընդգծելով ՀՊՏՀ–RG Առևտրի և կառավարման ինստիտուտ հաջողված և արդյունավետ համագործակցությունը, որը հետագայում կկրի երկարաժամկետ բնույթ։ Համագործակցությունն ամրապնդելու և հիշարժան դարձնելու համար կողմերը փոխադարձաբար նվերներ հանձնեցին։

Օտարերկրյա ուսանողներն անակնկալ մատուցեցին դասընթացի կազմակերպիչներին՝ հնդկական ավանդույթի համաձայն հանդես գալով պարգևատրման արարողությամբ (felicitation ceremony)։

Դասընթացի ամբողջ ընթացքը՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի մեր լուսանկարներում