Ապագա ֆինանսիստներն այցելել են ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

Դիտումների քանակ՝ 3553

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 12-ին ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ «Վարկի կառավարում» առարկայի շրջանակում ճանաչողական այց են կատարել ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն: Արտագնա դասին ուսանողներն ունկնդրել են ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության մշակած «ՀՀ ԿԲ դրամարկային քաղաքականության առանձնահատկությունները» թեմայով դասախոսությունը, կլոր սեղանի շուրջ մասնակցել են գնաճի նպատակադրման և ֆինանսական կայունության ապահովման հիմնահարցերին ուղղված քննարկմանը, այնուհետև շրջայց են կատարել ուսումնահետազոտական կենտրոնի տարածքում, ծանոթացել ՀՀ ԿԲ-ի պատմությանը:

Դիլիջանյան այցելության մասին asue.am-ին մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանը:

Ուսանողներն ունկնդրել են հայկական դրամանիշի և առհասարակ փողի ստեղծման պատմությունը՝ մ.թ.ա.-ից մինչև մեր ժամանակները, ցուցասրահում՝ ԿԲ-ի դրամագիտական թանգարանում, համակարգող-էքսկուրսավարներները խոսել են դրամաշրջանառության, դրամի և հուշադրամների տպման առանձնահատկությունների և պատմության, ժամանակակից թղթադրամների գաղտնիքների մասին: ՀՊՏՀ-ականները ծանոթացել են դրամագիտական հազվագյուտ արժեքներին, առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուին, որոնք պատմամշակութային մեծ արժեք ունեն:

Ինչպես asue.am-ի հետ զրույցում ասաց դասախոս Հայկ Սարգսյանը՝ ճանաչողական այցի ավարտին ուսանողները եզրակացրել են, որ Կենտրոնական բանկը առաջնահերթություն է տալիս ոչ այնքան աշխատանքային փորձին, որքան մասնագիտական կարողություններին:

«Այցը տվեց իր ցանկալի արդյունքները, ուսանողները բավականին տպավորված էին, ամրապնդվեցին մասնագիտական գիտելիքները, հարցուպատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այսուհետ գործնական գիտելիքներ ստանալու նպատակով նմանատիպ այցելությունները և հանդիպումները շարունակական են լինելու»,-ասաց դասախոսը և հատուկ շնորհակալություն հայտնեց Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարությանը, աշխատակիցներին, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին