ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Գարեգին Ղոչիկյան

17.07.2023
Դիտումների քանակ՝ 1108

Շարքն այսօր ներկայացնում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի շրջանավարտ, ՀՊՏՀ գրադարանի աշխատակից Գարեգին Ղոչիկյանին։

– Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

Բակալավրիատում հաշվապահական հաշվառում եմ ուսանել, իսկ մագիստրատուրան ավարտեցի որպես աուդիտոր: Ինձ ավելի հոգեհարազատ եղավ ոչ թե բուն հաշվապահությունը, այլ աուդիտի ուսումնասիրությունը և տնտեսական գործունեության վերլուծությունը:

ՀՊՏՀ-ն իմ alma mater-ն է, այն ամենի համար, ինչ ունեմ, պարտական եմ իմ համալսարանին: Հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ մուտք գործեցի համալսարան․ այնքան վեհ էր թվում, այնքան կատարյալ, որ չէի ենթադրի, թե մի օր կդառնամ այդ համալսարանի մի մասնիկը:

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը:

Կրթական և գիտական հաստատությունում աշխատելը իր բարդությունները և պատասխանատվությունն ունի․ ըստ էության, դու շատերի համար կապող օղակ ես՝ ուսանողի, մագիստրոսի, հետազոտողի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտական միջավայրի:

ՀՊՏՀ-ում աշխատանքը հագեցած է, յուրաքանչյուր օրը նոր գիտելիք է բերում, նոր ծանոթություններ և նոր հնարավորություններ և, իհարկե, պատրաստակամություն քո համալսարանին անվերապահորեն ծառայելու, տալու այն ամենը, ինչ կարող ես:

– Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

Առաջինը նշեմ ընթերցանությունը: Ինչպես ասում են՝ լավ է շփվել լավ գրքի հետ, քան անխելք մարդու։ Երկրորդը երաժշտությունն է: Լավ երաժշտությունը (էական չէ՝ ինչ ժանրի) բնական հակասթրեսային միջոց է: Իսկ երրորդը ֆիլմերը և սերիալներն են: Երբ ցանկանում ես մի փոքր հանգստանալ, անհրաժեշտ է դիտել լավ ֆիլմ, հատկապես՝ սարսափ ֆիլմ:

–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

Իրականում իմ երազանքն է մասնակցել գիտական ուսումնասիրությունների, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանների գիտնականների հազվագյուտ գործերն ուսումնասիրել, զգալ, թե ինչպես են իրենց մտքի անհաս թռիչքը հանձնել մագաղաթին՝ մոմի լույսի տակ, ինչպես են ծով համբերությամբ ծաղկեցրել մագաղաթյա էջերը:

–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

Վերջին ժամանակահատվածում իմ մոտիվացիան դարձել է այն հարցը, թե ինչ կարող եմ տալ հայ մշակույթին:

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, պետք է զինվել համբերությամբ, սովորել ինքնուրույն, որոնել, գտնել և յուրացնել, գնահատել ժամանակը։