Խորեն Լևոնյան արտիստի ֆենոմենը ՀՊՏՀ-ում բացահայտվեց նորովի
Տաղանդաշատ ու ինքնատիպ, համակրելի ու խարիզմատիկ․ այսպիսին է Խորեն Լևոնյան արվեստագետը։ Համաժողովրդական սիրուն արժանացած դերասանն այսօր ՀՊՏՀ-ում էր և հանդիսատեսին ներկայացավ նորովի։
Լևոնյանին Տնտեսագիտական համալսարան հրավիրելու գաղափարը վաղուց մտահղացել էր ՀՊՏՀ ուսանողների հետ աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը։ Հանդիպման համար ընտրվել էր հարցուպատասխանի ձևաչափը, և մշակվել էին հարցեր, որոնք չէին ենթադրում սոսկ պարզ երկխոսություն։ Դրանք հարցեր էին, որոնք այսօր այս սպասված ցերեկույթը դարձրին արտիստին խորությամբ ու համակողմանիորեն՝ ամենաանկեղծ ու անպաճույճ դրսևորումներով ճանաչելու հնարավորություն։
«Խորեն Լևոնյանը սիրված ու սպասված հյուր է ՀՊՏՀ-ում»․ ներկայացնելով արտիստին՝ ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և համոզմունք հայտնեց, որ մասնակիցներին սպասվում է իսկական մշակութային տոն։
Հայ էստրադայի և կինոյի մերօրյա ամենավառ ու հետաքրքիր անհատականություններից մեկը իրեն բնութագրում է որպես մարդ, «որն անընդհատ պայքարի մեջ է և չի հանդուրժում միջակություն», որ բազում կռիվներ ունի իր հոգում, բայց նաև չվախենալու և խավարի մեջ լույս տալու իր բանաձևն է մշակել։ Այդուհանդերձ, նաև կարմիր գրչով ուղղված երազանքներ է ունեցել, որոնք իրեն չեն կոտրել, որովհետև, ինչպես մի առիթով շեշտել է՝ ժամանակն անզոր է հանճարեղ երազողների դեմ, ժամանակը նահանջում է՝ տեղ տալով երազանքին։
«Հայաստանից հեռանալու միտք երբևէ չեմ ունեցել»,- ասաց Լևոնյանը՝ հավելելով, որ «մեր օրերի ծանրության տակից բարձրանալու, վեր նայելու», ապրելու և ապրեցնելու իր բանաձևը ամփոփվում է մեկ նախադասության մեջ՝ «Պարզապես ապրե՛ք, հավատացե՛ք ու մի՛ վախեցեք սխալվելուց»։
ՀՊՏՀ ուսանողներին արտիստը մի կարևոր ուղերձ հղեց․ «Լա՛վ սովորեք, ճի՛շտ գնահատեք այդ հնարավորությունը և սիրե՛ք ձեր երկիրը։ Պատասխանատո՛ւ եղեք ձեր երկրի ու սեփական երջանկության համար»։ Իսկ հայրենասիրությունը, ըստ արտիստի, հայրենաճանաչությունն է․ «Եթե չգիտես՝ որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում հայրենիքդ, ապա թերի է քո սերը»։
Հանդիսատեսը վայելեց արվեստով, կենսափիլիսոփայությամբ, հայրենիքի ու սիրո մասին բանաձևումներով հարուստ երկխոսություն, որն աննկարագրելի էներգիա, ամեն ինչ նորովի իմաստավորելու և արժևորելու ցանկություն փոխանցեց հանդիսատեսին, իսկ արվեստագետին՝ նոր ոգեշնչում՝ արարելու, իր ստեղծագործական ճանապարհին լավագույն դերեր կերտելու, երգարվեստում ինքնատիպ ասելիքով հանդես գալու։
Խորեն Լևոնյանը խոստովանեց՝ այսպիսի ջերմ ու անկեղծ միջոցառման վաղուց չէր մասնակցել։