Կոմիտաս-150. «Դեռ մինչև այսօր հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում եմ նրա հոգեբուխ ձայնը…. ». Ավետիք Իսահակյան

Դիտումների քանակ՝ 1692

Այսօր մեծ վարդապետ, երաժշտագետ, երգահան ու ազգագրագետ Կոմիտասի ծննդյան օրն է: Կրկին ու վերստին մեր խոնարհումն ենք բերում մեծ արվեստագետի ու ազնվագույն հայորդու հիշատակին, արժևորում նրա դերը, ճանաչում նրա ավանդը ու շարունակում կոմիտասյան մաքրամաքուր ելևէջները կրել մեր հոգում, մեր երակներում:

Սիրով ներկայացնում ենք Կոմիտասի մասին Ավետիք Իսահակյանի հուշերից մի դրվագ, որը տեղ է գտել Ռաֆայել Երվանդյանի՝ օրեր առաջ հրատարակված «Մեծերի մշտական ներկայությունը» հուշագրությունում:

«Մի գեղեցիկ օր Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ: Նստել էինք նրա փոքրիկ պարտեզում՝ ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակում էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված էր և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բարձր կատարելությամբ: Անկարելի է նկարագրել այդ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ մինչև այսօր հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում եմ նրա հոգեբուխ ձայնը…. :

«Այդ երգը շատ հին երգ է, հեթանոսական դարերից. տես խոսքերն ու եղանակը ինչպես միաձույլ են: Բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից է ծագում առել: Մեր քաջ նահապետների հոգուց է բխել. այնքան հին է, որ Ձենով Օհանը երգել է, և Սասունցի Դավիթը՝ լսել…»:

Եվ ուրախությունից փայլում էին Կոմիտասի աչքերը»:

Կոմիտասի «Մոկաց Միրզան» երգը կարող եք լսել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին