Լևոն Աղասյանը՝ Ստամբուլում կայացած մրցաշարի արծաթե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1234

Եռացատկորդ Լևոն Աղասյանը փետրվարի 15-ին Ստամբուլում կայացած Բալկանյան երկրների 25-րդ առաջնությունում նվաճել է երկրորդ հորիզոնականը՝ դառնալով արծաթե մեդալակիր։

Լևոն Աղասյանը ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է (հեռակա): Նա Բալկանյան երկրների առաջնության քառակի հաղթող է: Նախորդ տարի նվաճել էր ոսկե մեդալ:

asue.am-ը զրուցել է Ստամբուլում գտնվող Լևոնի հետ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ փետրվարի 20-ից հետո կվերադառնա Հայաստան և կսկսի նախապատրաստվել գարնանն ու ամռանը կայանալիք մրցումներին, որոնք նույնպես վարկանիշային կլինեն օլիմպիական խաղերի համար։ «Իհարկե, պետք է սահմանեմ վարկանիշ, որպեսզի իրավունք ստանամ մասնակցելու 2020թ. օլիմպիական խաղերին: Կարծում եմ՝ դա կանեմ գարնանը»,-ասաց Լևոնն ու հավելեց, որ ամառային օլիմպիական խաղերն ու առաջիկա Եվրոպայի առաջնությունը իր համար այս տարվա ամենակարևոր ստուգատեսներն են լինելու: Շնորհավորում ենք մեր խոստումնալից մարզիկին և մաղթում շարունակական հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին