«Իմ ղեկավարած ամբիոնը, կարծես, համամարդկային արժեքների ու համաշխարհային մշակույթի բազմերանգ խճանկար լինի»․ Լուսինե Հարությունյան

29.03.2023
Դիտումների քանակ՝ 1596

Կրթություն, գիտություն, մանկավարժություն․ եռաբևեռ այս ուղին ընտրած պրոֆեսորը իր գիտական մտածելակերպը հետևողականորեն մանկավարժության կիրառական ասպարեզ է բերել՝ համոզված, որ և՛ գիտության, և՛ մանկավարժության ուղով պետք է քայլել ժամանակին համընթաց։ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը 70-ից ավելի հոդվածների, մեկ տասնյակ ձեռնարկների, դասագրքերի հեղինակ և համահեղինակ է։ Իր գիտակրթական գործունեությունն սկսել է 2000-ականներին․ 2006 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2009-ին սկսել է դասավանդել ՀՊՏՀ լեզուների ամբիոնում՝ երկու տարի համատեղելով Հայ-ռուսական համալսարանում դասախոսական աշխատանքի հետ։ 2011 թվականից աշխատանքային միակ ասպարեզը Տնտեսագիտական համալսարանն է, որտեղ ծավալած գիտահետազոտական աշխատանքի արդյունքում 2017 թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ Գիտակրթական գործունեությանը զուգահեռ Լուսինե Հարությունյանը զբաղվում է վարչական աշխատանքով․ 2018 թվականից ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար էր, 2020-ից՝ վարիչ։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը բազմաշերտ է՝ գործաբանական, ճանաչողական լեզվաբանություն, բառագիտություն, իմաստաբանություն, լեզուների դասավանդման մեթոդաբանություն և այլն։ «Գիրքը, գիտությունը անձնուրաց նվիրում են պահանջում, և առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ ասպարեզում ինչ-որ խոսք ասելուն զուգահեռ դժվար է այլ բանով զբաղվել։ Էությամբ պերֆեկցիոնիստ եմ, փորձում եմ ամեն ինչ հասցնել և ամեն ինչում պահպանել իմ կողմից սահմանված բարձր նշաձողը։ Համոզված եմ՝ մեծ ցանկության դեպքում հնարավոր է անհամատեղելի թվացող ոլորտներում արդյունավետ գործել միաժամանակ։ Հուսով եմ՝ ինձ հաջողվում է»,- ասում է պրոֆեսորը։

Լուսինե Հարությունյանը մեծապես կարևորում է ամբիոնում ջերմ ու բարի, աշխատանքային ու ստեղծագործական մթնոլորտի պահպանումը։ Հենց այդպիսի ամբիոն է նա ժառանգություն ստացել նախկին վարիչ Սուսաննա Չալաբյանից։

Ամբիոնի ղեկավարը մշտապես աջակցում է երիտասարդ, մրցունակ մասնագետներին, հաշվի նստում փորձառու ավագ գործընկերների հետ, և սերունդների արդյունավետ համագործակցության արդյունքում ծնվում են մտահղացումներ, ստեղծվում են գործարար անգլերենի, ռուսերենի, հայերենի (նաև՝ ֆրանսերենի, գերմաներենի) դասավանդման մեթոդաբանական դասագրքեր ու ձեռնարկներ՝ իրենց հետ բերելով նորամուծություններ և արդիական մտածելակերպ։

«Մեր գործընկերների հետ համատեղ բազմաթիվ նոր ու համարձակ նախագծեր ենք իրականացնում։ Ուրախալի է, որ, անկախ տարիքից, բոլորն էլ ներգրավված են ստեղծագործական աշխատանքում և գիտակցում են համաշխարհային գիտական զարգացումներից հետ չմնալու կարևորությունը»,-ասում է Լուսինե Հարությունյանը։

ՀՊՏՀ լեզուների ամբիոնը, ի դեպ, մեր համալսարանի ամենամեծ ամբիոններից է, որտեղ տարբեր տարիքի կին գիտնական-մանկավարժներն աշխատում և համագործակցում են՝ անկեղծորեն ուրախանալով գործընկերների նվաճումներով․ «Իմ ղեկավարած ամբիոնը, կարծես, համամարդկային արժեքների ու համաշխարհային մշակույթի բազմերանգ խճանկար լինի, քանի որ տարբեր լեզուներ դասավանդող մասնագետներ են համախմբված այստեղ։ Նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն այդ լեզվի, այլև լեզվակիր ժողովրդի մշակույթի, արժեհամակարգի հմուտ գիտակն է»։