Մակրոտնտեսագետ մագիստրոսներն արձանագրում են աշխատանքի տեղավորման բացարձակ ցուցանիշ
ՀՊՏՀ «Մակրոտնտեսական վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրի 10 շրջանավարտներ այս օրերին հնարավորություն ունեցան լիարժեք դրսևորելու մեկուկես տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և մասնակցելու ամփոփիչ ատեստավորմանը, որի հիման վրա կստանան տնտեսագիտության մագիստրոսի որակավորման աստիճան՝ աշխատանքի շուկայում հավակնելով կայուն և բարձր դիրքի։
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, կրթական ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանը փաստում է՝ մասնագիտությունը պահանջված է․ նախորդ տարիների փորձը վկայում է, որ աշխատանքի տեղավորման ցուցանիշը 100 տոկոս է, ընդ որում՝ շատերն ուսման տարիներին են աշխատում մասնագիտությամբ՝ հրաշալի կերպով ուսումը համատեղելով աշխատանքի հետ։
Մագիստրոսական թեզերի թեմաների մշակումն ու հաստատումը, Կարեն Գրիգորյանի փոխանցմամբ, կարգավորված գործընթաց է․ թեմաները որոշվում են արդիականությամբ և հրատապությամբ, քննարկվում են ամբիոնի նիստում, այնուհետև առաջարկվում մագիստրանտներին։ Ամբիոնում սիրով ընդունում են նաև սովորողների առաջարկությունները՝ կապված նախընտրելի թեմաների հետ, եթե, իհարկե, դրանք բավարարում են մասնագիտության պահանջները։
Կրթական ծրագրի մագիստրանտ Սուրեն Կարապետյանի թեզի թեման թվային տեխնոլոգիաներն են։ ՏՏ և ստարտափների հանդեպ հետաքրքրություն Սուրենի մեջ արթնացել է դեռևս ՀՊՏՀ բակալավրիատում սովորելու տարիներին, երբ առաջին քայլերն էր անում ստարտափ ոլորտում։
Այժմ հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկում խորհրդատու և հետազոտող է, հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, իսկ թեզի թեման՝ «ՀՀ-ում թվային տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները», սերտորեն առնչվում է այդ գործունեությանը․ «Ընկերությունում մենք բազմաթիվ ու բազմապիսի թվային տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Ես վերլուծել եմ Բալթյան երկրների նորարարական և տեխնոլոգիական զարգացման փորձը, և, անհամեստ թող չհնչի, արժեքավոր առաջարկություններ եմ արել այդ փորձը Հայաստանում տեղայնացնելու համար»։
Սուրենը մտադիր է ուսումը շարունակել ասպիրանտուրայում․ ասում է՝ գիտահետազոտականը հենց այն ոլորտն է, որտեղ պատկերացնում է իրեն։
Կարեն Գրիգորյանի խոսքով՝ կրթական ծրագրի այս տարվա շրջանավարտների մեջ քիչ չեն սկսնակ հետազոտողները, որոնք ներգրավված են «Ամբերդ» կենտրոնի հետազոտական խմբերում։ «Մեր մագիստրանտներից շատերը բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ են, տպագրվել են գիտական ամսագրերում, մասնակցել ուսանողական մրցույթների։ Ավարտելուց հետո էլ շրջանավարտների հետ կապը պահպանվում է, նրանք մասնակցում են ամբիոնի կրթական ծրագրերի մշակման և վերանայման հետ կապված սոցիոլոգիական հարցումների, հրավիրվում աշխատաժողովների, քննարկումների։ Բուհի և ամբիոնի հետ չխզվող կապի շնորհիվ աշխատաշուկայում կայացած մեր շրջանավարտները լավագույն ուսանողներից իրենց կազմակերպությունների համար աշխատողներ են ընտրում»,-ասում է ծրագրի ղեկավարը՝ հպարտությամբ հավելելով, որ ՀՊՏՀ շրջանավարտները բուհում ստացած գիտելիքի շնորհիվ աշխատանքային առաջընթաց են գրանցում՝ բարձր պահելով համալսարանի պատիվը։