Քննարկում՝ մագիստրոսական կրթական ծրագրերը բարելավելու նպատակով

Դիտումների քանակ՝ 1097

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ մակրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության և մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման 2-րդ կուրսի մագիստրանտները  հավաքվել էին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու մագիստրոսական կրթական ծրագրերի բարելավման խնդիրները:

Մինչ միջոցառման մեկնարկը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դոցենտ Կարեն Գրիգորյանը նշեց. «Ուսանողների հետ այս կլոր սեղան-քննարկումը նպատակ ունի հետևելու մագիստրոսական կրթական ծրագրերի շահակիցների՝ ուսանողների պահանջներին, վերհանելու նրանց կարիքները, գնահատելու կրթական ծրագրերի գործունեությունը և բարելավելու դրանք, ինչպես նաև ապահովելու հետադարձ կապ»: Նա հավելեց՝ պատահական չէ, որ քննարկմանը մասնակցում են առկա ուսուցման 2-րդ կուրսի մագիստրանտները, քանի որ նրանք անցել են ամբողջ տեսական դասընթացը և արդեն ձևավորված պատկերացում ունեն կրթական ծրագրերի վերաբերյալ:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում Կարեն Գրիգորյանը հորդորեց ուսանողներին՝ անկաշկանդ հանդես գալ, ներկայացնել իրենց կարծիքներն ու դիտարկումները:  Քննարկման ընթացքում ուսանողները հանդես եկան մի շարք արժեքավոր առաջարկություններով, նրանք դասախոսների հետ միասին  փորձեցին գտնել կրթական ծրագրերի վերանայման և կրթական գործընթացի արդյունավետության նոր ճանապարհներ, որոնք, ինչպես նշեցին ամբիոնի ներկայացուցիչները, հաշվի կառնվեն նշված ծրագրերի բարելավման և արդիականացման գործում:

Ավարտին Կարեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ նման կլոր սեղան-քննարկումներ ամբիոնը կկազմակերպի պարբերաբար, իսկ մագիստրանտները շնորհակալություն հայտնեցին օգտակար ու հետաքրքիր քննարկման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին