ՀՊՏՀ ուսանողների զեկուցումը միջբուհական կոնֆերանսում «Լավագույն աշխատանք» է ճանաչվել

Դիտումների քանակ՝ 1054

Նոյեմբերի 14-15-ը Ծաղկաձորում կայացել է  «BEEngineer» խորագիրը կրող միջբուհական ուսանողական գիտական կոնֆերանսը, որտեղ ՀՊՏՀ ուսանողներ, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանի  և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Զավեն Խուկեյանի հեղինակած «Կրթությունը որպես ՀՀ տնտեսության զարգացման գրավական» թեմայով զեկուցումը  ճանաչվել է «Լավագույն աշխատանք»: Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է  ՀՊՃՀ ուսանողական գիտական ընկերության կողմից՝ նվիրված   Ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց Դավիթ Պետրոսյանի և Զավեն Խուկեյանի հետ, ովքեր ընդգծեցին նման միջոցառումների անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են տեսական գիտելիքները գործնականացնելուն, խթանում են միջբուհական շփումները: Հավելենք, որ տղաները ակտիվ ուսխորհրդականներ են: Թեմայի ընտրությունը Զավեն Խուկեյանը մեկնաբանեց  այսպես. «Որպես  ուսանողությանը մոտ գտնվող անձինք՝  մենք պատկերացնում ենք ուսանողների խնդիրները՝  կապված ուսումնառության հետ և փորձել ենք մեր զեկույցում առաջարկել դրանց լուծման ուղիները: Ուշադրություն ենք դարձրել կրթության որակի բարձրացման խնդրին, ցույց ենք տվել տնտեսության և կրթության սերտ կապը: Բարձրորակ կրթությունը մեծապես նպաստում է տնտեսության զարգացմանը»:

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ  կրթության որակի բարելավման հարցում պետության դերը շատ մեծ է: « Պետությունը պետք է աշխատաշուկայում ստեղծի առողջ մրցակցություն, ուսանողներն էլ իրենց հերթին շահագրգռված լինեն որակյալ մասնագետ դառնալու և իրենց արժանի տեղը գտնելու հարցում»:

Որպես ուսանողությանը ամենաշատը հուզող խնդիր՝ տղաները մատնանշեցին դասախոսությունների նոր որակի անհրաժեշտությունը, այսինքն՝ դասախոսները պետք է նոր մեթոդներ կիրառեն դասախոսությունը մատուցելիս:

Հեղինակների փոխանցմամբ՝ զեկույցում օգտագործվել են  IPSC  վերլուծական կայքի վիճակագրական տվյալներ` հիմնված ուսանողական հարցումների վրա:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում նոր ձեռքբերումներ:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Զավեն Խուկեյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին