Կորյուն Աթոյանը ուղերձ է հղել Երիտասարդության և Ուսանողության միջազգային տոների առիթով

Դիտումների քանակ՝ 2431

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, երիտասարդներ, Երիտասարդության և Ուսանողության միջազգային տոների առթիվ Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը:

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ նվիրված երկու տոները՝ Երիտասարդության և նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողության համաշխարհային օրերը: Ձեզ հասցեագրված շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքում մշտապես շեշտադրում եմ այն հիացմունքն ու հպարտությունը, որ տածում եմ ձեր ձգտող ու որոնող, հաղթահարող ու կայացող, հեղափոխական ու մարտական տեսակի հանդեպ: Դուք մեր ապագան եք, ձեզ է ուղղված մեր հավատն ու սպասումը, մեր նվիրական իղձերը, ու ավարտին չհասցրած ձեռնարկումները ձեզ են ժառանգված: Անվարան է այդ սպասումը, քանզի ականատես ենք, թե ինչպիսի մեծ ներուժի կրող եք, ձեր դերակատարությունն ինչպես եք կարևորում:

Ձեր ձգտումներն ու կառուցողականությունը պետք է ամուր հիմքեր ունենան, ասել է թե՝ պետք է խարսխվեն բարձրորակ կրթության ու մարդկային վսեմ հատկանիշների վրա, պետք է լինեք իսկապես ուսյալ ու մեծ մտահորիզոնի տեր, հայրենասեր ու հայրենատեր, բարի ու մարդասեր:  Ձեր ծնողները անձնվիրաբար ձեզ կրթության են տալիս, որպեսզի դուք կառուցեք ոչ միայն ձեր ապահով ու երջանիկ կյանքը, այլև մեր երկրի բարենորոգ ապագան:

Վստահ եմ՝ կարդարացնեք բոլոր հույսերը ու արժանի կլինեք ձեր ծնողներին, ձեզ կրթություն մատուցող համալսարանին, ձեր հայրենիքին:

Եղեք առողջ, երջանիկ ու լավատես:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ