ՀՊՏՀ-ում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմը

Դիտումների քանակ՝ 1738

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը:

«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել». նժդեհյան իմաստուն մտքերն ու խոհափիլիսոփայական ասույթները  ծանոթ են շատերին, դրանցով կրթվել ու դաստիարակվել են սերունդներ, հայրենասիրական ու ազգային ոգով տոգորվել ու ներշնչվել են հայորդիներ`Նժդեհի անունը  զուգորդելով ազգի, հայրենիքի ու հայրենասիրության հետ:

Նժդեհը հայ ժողովրդի պատմության իդեալ-հերոսներից է, բացառիկ անձ, որի մեջ խտացած էին ազգային բարոյախոսի, մտածողի, զինվորականի, քաղաքական գործչի լավագույն հատկանիշները: Իր տեսակով Նժդեհն ազգի նվիրյալ այն զավակներից  էր, որի համար հայրենիքը, ազգը բարձրագույն արժեքներ  են` վեր ամեն ինչից: Այս մեծ հայորդու մասին շատերն են խոսել, գրվել են մի շարք երկեր ու երգեր, եղել են նրա կյանքը, գործունեությունն ու մարդ տեսակը բնութագրող շատ  անդրադարձներ:

Վերջերս հանդիսատեսի դատին ներկայացվեց նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված «Գարեգին Նժդեհ»  գեղարվեստական ֆիլմը, որը համառ ու հետևողական աշխատանքի արգասիք է:

Ֆիլմը նկարահանվել է ` նպատակ ունենալով այսօրվա և վաղվա սերունդներին  նաև ֆիլմի միջոցով ներկայացնել ազգանվեր  հայի գործունեությունը, մտքերը, կոչերը` նրանց մեջ սերմանելով սեր հայրենիքի, սեփական ժողովրդի նկատմամբ:

Հայրենասիրական ֆիլմերի կարևորության  ու դերի գիտակցումից անմասն չեն մնում նաև  ՀՊՏՀ ուսանողները. ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվում են կինոդիտումներ, որի շրջանակներում  ցուցադրվում են  նաև հայրենասիրական ֆիլմեր: Վերջերս անկախության օրվան նվիրված` ցուցադրվել էր  նաև  «Վանա ծովուն արշալույսը» հայրենասիրական  ֆիլմը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին