ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը թևակոխել է բարեփոխումների փուլ

Դիտումների քանակ՝ 4827

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. դեկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվեց՝ միացվելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Այս որոշմանը հետևեցին  բարեփոխումները քոլեջում, որոնք ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախաձեռնությամբ և առաջարկությամբ հավանության արժանացան համալսարանի կառավարման խորհրդում:

Բարեփոխումները մի քանի ուղղություններով են, բայց որպես սկիզբ՝ տրվեց միջավայրի բարեկարգման աշխատանքների մեկնարկը: Հին, խունացած, չջեռուցվող հաստատությունն այսօր անճանաչելի է դարձել՝ այն ամբողջությամբ հիմնանորոգվել է, փոխվել են պատուհանները, ներդրվել է ջեռուցման արդիական համակարգ, ՀՊՏՀ բրենդային գույների տրամաբանությամբ և ձևավորմամբ վերանորոգվել են քոլեջի միջանցքները, լսարանները, սրահները: Ընթացքի մեջ են նաև լսարանային գույքի թարմացման աշխատանքները: Օրակարգում է արհեստագործական կրթական ծրագրերի իրականացման համար լաբորատորիաների թարմացումը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝ սա ոչ թե ճոխություն է, ինչպես կարող է թյուրիմացաբար ընկալվել և ինչը ներկա պայմաններում պարզապես անթույլատրելի է, այլ անհրաժեշտություն: «Քոլեջում տարվա մեծ մասը այնքան ցուրտ էր, որ ամիսներ շարունակ հնարավոր չէր լինում նորմալ կազմակերպել ուսումնական գործընթացը: Այսինքն՝ հենց կրթական խաթարված գործընթացը վերականգնելու համար հարկավոր էր նախևառաջ ներդնել ջեռուցման նոր համակարգ: Սա էլ իր հերթին նոր խնդիրներ էր առաջացնում, ուստի որոշեցինք բարելավումներում ներառել մի քանի քայլեր: Եվ այնպես չէ, որ սա զուտ վերանորոգում էր, այսպիսով մենք ցանկանում ենք նոր շունչ հաղորդել քոլեջի գործունեությանը, բարձրացնել կրթության որակը ու նաև հասարակության վստահությունը նման հաստատությունների նկատմամբ: Ուրախ ենք ու նաև հպարտ, որ մեր կատարած աշխատանքները հետադարձ կապով ստանում են հասարակության դրական արձագանքը, ինչի վառ վկայությունը քոլեջի դիմորդների թվի մի քանի անգամ ավելացումն է»,- նշեց համալսարանի ռեկտորը:

Լուսանկարային շարքերի ձևով ձեզ ենք ներկայացնում քոլեջում իրականացված աշխատանքները՝ ինչպիսին էր քոլեջը մինչև բարեփոխումները և ինչպիսին է այն այժմ: Շարքին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին