ՀՊՏՀ-ում տրվեց փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 2255

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց տնտեսական հետազոտությունների իրականացման փոքր դրամաշնորհների մրցույթի մեկնարկը: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը հանդես եկավ նորաստեղծ կենտրոնի գործունեության և ծրագրերի մասին շնորհանդեսով, որին մասնակցում էին ՀՊՏՀ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ:

Շնորհակալություն հայտնելով համալսարանի ղեկավարությանը՝ համագործակցության և միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար՝ Մարինե Առաքելյանը ներկայացրեց իրենց գործունեության մանրամասներն ու կենտրոնի կողմից առաջարկվող ծրագրերը: «Անաչառ և բազմակողմանի վերլուծություններ իրականացնելու համար փնտրում ենք տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող անկախ փորձագետների, մասնագետների, վերլուծաբանների»,- կենտրոնի գործունեությունը ձևակերպեց բանախոսը: Անդրադառնալով կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին՝ Մարինե Առաքելյանը մատնանշեց «Թվերն ու արդյունքները», «Զուտ թվեր», «Բիզնեսը նոր Հայաստանում», «Փոքր դրամաշնորհների ծրագիր», և «Տնտեսական նախաձեռնություններ» ծրագրերը:

Այսօրվա հանդիպման նպատակը հենց փոքր դրամաշնորհների մրցույթի ներկայացումն էր: Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝ դասախոսներ, ասպիրանտներ և ուսանողներ, տնտեսական հետազոտություններ ու ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատներ, տնտեսական խնդիրներն ուսումնասիրող լրագրողներ, անկախ փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբեր: Մրցույթը բաղկացած է լինելու 2 փուլից: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 20.000-30.000 ՀՀ դրամ գումար: Մրցույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար միջոցառման կազմակերպիչներն առաջարկեցին այցելել կենտրոնի կայք:

Շնորհանդեսից հետո Մարինե Առաքելյանը պատասխանեց մասնակիցների հարցերին, պարզաբանեց մրցույթին առնչվող ընթացակարգը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին