Կայացավ ՀՊՏՀ ուսանողուհու «Ասելիք ունեմ» գրքի շնորհանդեսը. հերթական միջոցառումը՝ երիտասարդական տոների շրջանակում

Դիտումների քանակ՝ 2190

Մեր ուսանողները ոչ միայն լավ սովորողներ են, այլև արվեստասեր ու մշակութասեր, ստեղծագործող ու շնորհալի: Ասվածի վառ ապացույցը ՀՊՏՀ-ում այսօր կայացած «Ասելիք ունեմ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսն էր, որը համալսարանականներից շատերին ծանոթացրեց գրքի հեղինակ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսեցի, տաղանդավոր Լուսյա Մանուչարյանին: Խորհրդանշական է, որ երիտասարդության և ուսանողության տոների առիթով գրքի լույսընծայումն իրականացվել է ՀՊՏՀ ղեկավարության հովանու ներքո (տպագրվել է «Տնտեսագետ» հրատարակչությունում):

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, խորհրդական Լիլիթ Դադայանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Լուսյայի հարազատներն ու ընկերները:

Միջոցառման բացումն ազդարարեց Դիանա Գալոյանը՝ նշելով, որ երիտասարդական տոներին նվիրված Տնտեսագիտական համալսարանում իրականացվող միջոցառումների շարքում այս մեկն առանձնանում է նրանով, որ բուհը ստանձնել է իր ուսանողի բանաստեղծությունները տպագրելու գործը, ինչը նպատակ ունի ոգևորելու և նոր հաջողությունների մղելու:

«Ուրախալի է տեսնել, որ Տնտեսագիտական բուհի ուսանողները նաև արվեստասեր են, ստեղծագործող»,-ասաց բուհի ղեկավարն ու ուղերձ հղեց, որ բուհի հաջողության հիմքում նաև ուսանողների փոքրիկ ձեռքբերումներն են:

Իր ֆակուլտետի շնորհաշատ ուսանողուհուն գրքի լույսընծայման առիթով շնորհավորեց դեկան Սոս Խաչիկյանը:

asue.am-ի հետ զրույցում մեր ուսանող-բանաստեղծուհին ասաց, որ իր ստեղծագործություններն արտացոլում են ազատության, ժամանակի, կյանքի, մարդկային կյանքի ու սիրո մասին իր պատկերացումներն ու ապրածը:

«Ստեղծագործում եմ դպրոցական հասակից. անկեղծ ասաց աշակերտի կարգավիճակում համարձակություն չէի ունենում բանաստեղծություններս որևէ մեկի համար ընթերցելու, առավել ևս՝ հանրայնացնելու: Բայց ՀՊՏՀ-ն կտրուկ փոխեց ամեն ինչ. առաջինը կուրսեցիներս լսեցին բանաստեղծություններս, ոգևորեցին, այնուհետև ինձ քաջալերեց ուսանողական խորհուրդը, և որ ամենապարտավորեցնողն է՝ բուհի ղեկավարությունը: Ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանն օգնեց ընտրել լավագույն բանաստեղծություններս ու մեկտեղել դրանք առաջին ժողովածուում, շնորհակալ եմ բոլորին՝ Դիանա Գալոյանին, Լիլիթ Դադայանին, ուսանողական խորհրդին և բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ»,-ասաց Լուսյան և հավելեց, որ ՀՊՏՀ-ում սովորելու առավելություններից մեկն այն է, որ բուհն իր ուսանողի կողքին է:

Մասնակիցները հեղինակի մակագրությամբ ստացան բանաստեղծությունների ժողովածուն, Լուսյան առաջինը իր գիրքը նվիրեց Դիանա Գալոյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին