Մեծերի մշտական ներկայությունը` շնորհիվ Ռաֆայել Երվանդյանի

Դիտումների քանակ՝ 1082

Լույս է տեսել Ռաֆայել Երվանդյանի («Տնտեսագետ» ամսագրի հիմնադիր ու երկարամյա խմբագիր (1977-2004)) «Մեծերի մշտական ներկայությունը» գիրք-հուշապատումը, որում, ինչպես առաջաբանում է նշվում, ներկայացված են հայ արվեստի, գրականության, գիտության անվանի գործիչների մասին հետաքրքրական դեպքեր, դիպվածներ, զվարճալի պատմություններ, որոնք հեղինակը ժամանակի ընթացքում ամբողջացրել է՝ ստեղծելով նրանց անծանոթ աշխարհը ուրույն կերպով բացահայտելու սքանչելի հնարավորություն:

Գրքի պատասխանատու խմբագիրը, բ.գ.թ., ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ, պարոն Երվանդյանի կյանքի ընկեր, նրա գրչակից ու համախոհ Զուխրա Երվանդյանը «Երկու խոսք» առաջաբանում գրում է. «Սովորական մահկանացուներիս համար հետաքրքիր է նրանց՝ ոչ սովորական մարդ լինելը հավաստող պատմություններ լսել-կարդալ-իմանալը, դրանցով նրանց կերպավորելը՝ ոմանց իդեալականացնելով ու գերերևույթականացնելով, ոմանց, ընդհակառակը, շատ ավելի մերպեսինը դարձնելով»:

Մեր սիրելի ու հարգելի ավագ ընկերոջ՝ Ռաֆայել Երվանդյանի հերթական արժեքավոր գիրքը մեզ է նվիրում մտերմիկ ու հագեցած զրույցի հաճելի պահեր (հավաստում ենք որպես առաջին ընթերցողներ) ու ապահովում հենց հեղինակի մշտական ներկայությունը, որը լի է իմաստնությամբ ու բարությամբ, 80-ամյակի փառավոր բարձունքում սթափ մտքով ու պայծառ հիշողությամբ:

Գրքի 4-րդ էջի ձախ անկյունում դափնեպսակի մեջ 80-ամյակի խորհրդանիշ է ու ներքևում հոգեցունց քառատող.

Ձմեռը եկել, դուռըս է ծեծում,
ու ես չգիտեմ՝ ինչ ասեմ նրան,
ասեմ՝ բարով ես եկել, իմ ձմե˜ռ,
թե՞ շուտ ես եկել, քեզ չէի սպասում…

Շնորհավորում ենք պարոն Երվանդյանին ու մաղթում կյանքի ութերորդ և գալիք տասնամյակները ապրել առողջ, երջանիկ ու նույնքան բեղմնավոր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին