ՀՊՏՀ-ում կայացավ «Գիտական Արցախ» պարբերականի նոր համարի շնորհանդեսը

23.05.2023
Դիտումների քանակ՝ 1033

Լույս է տեսել «Գիտական Արցախ» պարբերականի 2023 թ․ անդրանիկ համարը։ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության ջանքերով հրատարակվող գիտական հանդեսի նոր թողարկման շնորհանդեսն անցկացվեց ՀՊՏՀ-ում։ Բուհի ընտրությունը պատահական չէ․ պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի փոխանցմամբ՝ հոդվածագիրների զգալի մասը ներկայացնում է Տնտեսագիտական համալսարանը, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ որոշվել էր շնորհանդես-քննարկումը կազմակերպել հենց ՀՊՏՀ-ում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին, բուհի ղեկավարությանը, գիտական համակազմին և գրադարանին՝ պատշաճ հյուրընկալության համար։ Շնորհանդեսը մի քանի նպատակ է հետապնդում, բայց առանցքայինը Հայաստան-Արցախ գիտամշակութային կապերի պահպանումն է, ինչին միտված է մեր կազմակերպության գործունեությունը»,- ողջունելով քննարկման մասնակիցներին և հոդվածագիրներին՝ ասաց Ավետիք Հարությունյանը։

Պարբերականի նոր թողարկման մեջ տեղ են գտել պատմությանը, իրավագիտությանը, լեզվաբանությանը, լրագրությանը, հոգեբանությանը, արվեստին ու տնտեսագիտությանը նվիրված բաժիններ, ամբիոն է հատկացվել երիտասարդ հետազոտողներին, ինչպես նաև հատուկ բաժին՝ գրախոսություններին։

«Գիտական Արցախ» պարբերականի նոր համարում զետեղված հոդվածներն անդրադառնում են Արցախի և Հայաստանի կենսագործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով դրանց վերաբերյալ գիտական և ճանաչողական նյութեր, համապարփակ և ընդգրկուն ուսումնասիրություններ, գիտական արժեքավոր խոսք։

Շնորհանդեսն անցավ հոդվածների և գրախոսությունների վերաբերյալ ակտիվ քննարկումներով, հոդվածագիրների հետ հարցուպատասխանով։ Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև պարբերականի՝ 2021 թվականից առ այսօր հրատարակված համարներին։ Ավետիք Հարությունյանի նախաձեռնությամբ բոլոր համարներից մեկական օրինակ նվիրաբերվեց ՀՊՏՀ գրադարանին՝ գրքային ֆոնդը հարստացնելով գիտական արժեքավոր գրականությամբ։