«Էրազմուս+» միջազգային ծրագրով հետաքրքրվող ուսանողները՝ լեզվիմացության ստուգատեսի մասնակից
ԵՄ «Էրազմուս+» ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնառության 1 կիսամյակն անցկացնել ծրագրի անդամ եվրոպական բուհում։ «Էրազմուս+»-ն իր շահառուներին ընտրում է մրցութային եղանակով, և ծրագրի մասնակիցը դառնալու նախապայմաններից մեկը անգլերենի իմացությունն է։ Ըստ այդմ՝ դիմորդներից պահանջվում է լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ։
Մեր ուսանողներին աջակցելու նպատակով ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինն ամեն տարի անգլերենի քննություն է կազմակերպում այն ուսանողների համար, ովքեր չունեն նշված փաստաթուղթը։ Այսօր էլ 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջին լեզվիմացության քննությունն էր, որին մասնակցում էին մի խումբ ուսանողներ։
Միջազգային կապերի բաժնի աշխատակից Սոնա Աղաբաբյանի խոսքով՝ փետրվարի 5-ին անգլերենի քննություն է կազմակերպվել նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, մասնակցել է 14 ուսանող։
Նշենք, որ քննության արդյունքում միայն B2 և ավելի մակարդակ արձանագրած ուսանողները կկարողանան մասնակցել «Էրազմուս+»-ին։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին