«Դասախոսում են ուսանողները» նախաձեռնությունը նվիրված է երիտասարդական տոներին. մեկնարկը տրված է

Դիտումների քանակ՝ 1885

Նոյեմբերի 10-ին և 17-ին նշվում են Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոները: Այս առիթով ընթացիկ շաբաթում ՀՊՏՀ-ում մի շարք միջոցառումներ են նախատեսվում:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը, բուհի ղեկավարության աջակցությամբ, կազմակերպել է «Դասախոսում են ուսանողները» մոտիվացնող միջոցառումը: Եվ այսպես, այս օրերին որոշ դասաժամերի դասախոսներին կփոխարինեն մեր առաջավոր ուսանողները: Նախաձեռնության շրջանակում այսօր տարբեր ֆակուլտետներում ելույթներ ունեցան ուսանող-դասախոսները:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսում, «Միջազգային տնտեսական ինտեգրում» առարկայի շրջանակում (դասախոս՝ Դիանա Գալոյան) դասախոսեց ասպիրանտ Ծովակ Ոսկանյանը՝ խոսելով բիզնես նախագծերի մշակման ու իրականացման շուրջ, իսկ 1-ին կուրսում «Տնտեսագիտության տեսություն» առարկայի դասը (դասախոս՝ Ֆիրուզա Մայիլյան) վարեց մագիստրանտ Ալբինա Նալբանդյանը, թեման՝ «Փող և արժույթ»:

Ֆինանսական ֆակուլտետում՝ ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսում, այսօր «դասախոսը» նույն ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Ժորա Ստեփանյանն էր: Դասը «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» առարկայից էր, թեման՝ «Ֆինանսական գործիքների քանակական և որակական գնահատումը» (դասախոս՝ Էդգար Աղաբեկյան):

Ուսանող-դասախոսների մասնակցությամբ վերջին դասն այսօր հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսում էր. «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» առարկայի դասին դասախոս Նարինե Բալասանյանին փոխարինում էր նույն ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Ռազմիկ Խաչատրյանը: Նա լուսաբանեց «Առևտրային բանկերի դերը ֆինանսական շուկաներում» թեման:

Ինչպես մենք նկատեցինք մեր շրջայցի ընթացքում՝ միջոցառման նպատակն արդարացված էր, այսինքն, ավագ կուրսերի լավագույն ՀՊՏՀ-ականների օրինակելի փորձը ուսանելի և ոգևորիչ էր կրտսերների համար: Նրանք համակ ուշադրությամբ լսում էին ավագ համալսարանականներին, ընկերաբար հարցեր ուղղում և անկաշկանդ քննարկում խնդրո առարկան: Ավագներն էլ ամենայն պատասխանատվությամբ էին ստանձնել դասախոսի դերը և ջանում էին ամբիոնից ելույթ ունենալ հնարավորինս տպավորիչ ու համոզիչ. չէ՞ որ շատերի համար սա ամբիոնից իբրև դասախոս հանդես գալու անդրանիկ փորձն էր:

Ուսանող-դասախոսների դասերը շարունակական են և մեր տեսադաշտում: Դրանց հետևեք մեր առաջիկա լրահոսում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին