T-GREEN ծրագրում ներգրավված ՀՊՏՀ աշխատակիցները մասնակցել են միջազգային աշխատաժողովի

29.11.2023
Դիտումների քանակ՝ 822

«Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի աշխատանքային փաթեթ 3-ի շրջանակում T-GREEN ծրագրի ՀՊՏՀ համակարգող, համալսարանի ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ծրագրի փորձագետներ՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Աննա Կարապետյանը և նույն ամբիոնի ասիստենտ Նորա Այվազյանը ս․թ․ նոյեմբերի 21-24-ը մասնակցել են Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած աշխատաժողովին (Լեհաստան, Կրակով): Աշխատաժողովին մասնակցել են ծրագրի կոնսորցիումի մասնակից 18 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչներ: Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի մշակման չափորոշիչները, մասնագիտական որակավորման մարտահրավերները, կրկնակի կամ համատեղ իրականացվող գիտական աստիճանների վերաբերյալ կանոնակարգերը: Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի հարուստ պատմությունը, ապա անդրադարձել է եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ շեշտելով միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը:

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ ընդունողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրներն ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Ծրագրի հայաստանյան մասնակիցներն են ՀՀ ԿԳՄՍՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՃՇՀԱՀ-ը (համակարգող), «Եվրասիա» միջազգային համալսարանը (համահամակարգող), ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ՀԱՊՀ-ն, ՀԱԱՀ-ը, Գորիսի, Գավառի պետական համալսարանները, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» ՀԿ-ները։

ԵՄ գործընկերներն են «Հելլենիկ» միջազգային համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։