Մեկնարկեց ՀՊՏՀ կողմից կազմակերպվող «Դասախոսական գավաթ» ամենամյա միջբուհական մարզական միջոցառումը

29.01.2021
Դիտումների քանակ՝ 1072

Տնտեսագիտական մայր բուհը կրկին մարզական իրադարձության շուրջ է համախմբել հայաստանյան բուհերի մարզասեր դասախոսներին և աշխատակիցներին: Այսօր մեկնարկեցին մեր համալսարանի կողմից ամեն տարի իրականացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը, որին այս տարի կմասնակցի 15 բուհ, այդ թվում՝ մարզային համալսարաններ։

Առաջին առաջնությունը հրաձգություն մարզաձևից էր՝ 12 բուհերի մասնակցությամբ, ՀՊՏՀ հրաձգարանում: Թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Բժշկական համալսարանը, 2-րդը՝ Ագրարայինը, 3-րդը՝ Ֆրանսիականը:

Առաջնության մասնակիցներից Բժշկական համալսարանի թիմը ներկայացնող ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման անցկացումը գովելի է, քանի որ այն համալսարանի աշխատակիցներին հնարավորություն է տալիս լավ մարզավիճակում լինել, դրական մթնոլորտում շփվել միմյանց հետ: Այժմ Նազիկը Բժշկականում ֆիզկուլտուրա է դասավանդում:

asue.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ միջոցառման կազմակերպիչներից է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան: Նրա խոսքով՝ այս տարվա «Դասախոսական գավաթ»-ի շրջանակում կանցկացվեն հրաձգության, սեղանի թենիսի, բադմինտոն, արագ շախմատի, ուժային եռամարտի առաջնություններ:

Խաղերը կեզրափակվեն փետրվարի 4-ին: Պատվոգրեր, մեդալներ և մրցանակներ կհանձնվեն առաջնություններում 1-3-րդ տեղեր զբաղեցրած թիմերին և անհատներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին