Կայացել է eDrone նախագծի ամփոփիչ առցանց աշխատաժողովը
Հոկտեմբերի 7-8-ը առցանց ձևաչափով կայացել է ԵՄ «Էրազմուս+»-ի շրջանակներում իրականացվող eDrone նախագծի ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները` մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Արգամ Արտաշյանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում գործընկեր բուհերի ներկայացուցիչները, այդ թվում և ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակիցներին իրազեկել են նախագծի շրջանակներում իրենց ձեռքբերումների, անօդաչու թռչող սարքերի ուսուցման նպատակով ստեղծված լաբորատորիաների OED (Office for Education for Drone) և այդտեղ կազմակերպվող դասընթացների գծով առաջխաղացումների մասին:
ՀՊՏՀ պատվիրակները գործընկերներին ներկայացրել են նախագծի և դրա արդյունքների տարածման իրենց փորձն ու վերջին ժամանակաշրջանում կատարված գործողությունները, միջոցառումները և դրանց շնորհիվ գրանցած արդյունքները:
Բացի դրանից՝ հանդիպման ընթացքում աշխատաժողովը «հյուրընկալող» վրացի գործընկերները մասնակիցներին ծանոթացրել են Վրաստանում անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը, այդ ոլորտի զարգացումներին և մարտահրավերներին:
Հիշեցնենք, որ eDrone նախագծի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին