ՀՊՏՀ-ում կայացավ տնտեսագիտական թեմաներով էսսեների չորրորդ հանրապետական մրցույթը

15.03.2024
Դիտումների քանակ՝ 683

Տնտեսագիտական կրթության խրախուսման և զարգացման նպատակով մարտի 15-ին ՀՊՏՀ-ում չորրորդ անգամ կազմակերպվեց տնտեսագիտական թեմաներով էսսեների հանրապետական մրցույթ՝ ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար: Մրցույթին մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի ավարտական դասարանների ավելի քան երեք տասնյակ աշակերտներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և նշեց․ «Այս մրցույթը որքան կարևոր և անհրաժեշտ է Ձեզ՝ դիմորդներիդ համար, այնքան էլ՝ մեզ համար․ մրցույթի շնորհիվ մենք ճանաչում ենք ապագա սերունդներին, հասկանում ենք՝ ինչպես են նրանք մտածում, հասցնում ենք պատրաստվել նրանց դիմավորելու և արժանի կրթություն մատուցելու»։

Այս տարի վիճակահանությամբ ընտրվեցին «Կրթությունը որպես տնտեսության զարգացման հիմք» և «Արհեստական բանականություն․ գործազրկության պատճա՞ռ, թե՞ տնտեսական զարգացման նոր խթան» թեմաները։ Մրցույթի մասնակիցներին տրամադրվեց 2 ժամ՝ իրենց մտքերը շարադրելու և թղթին հանձնելու համար։

Նշենք, որ ավանդույթի վերածվող այս մրցույթում առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները Տնտեսագիտական համալսարան ընդունվելու դեպքում կարժանանան 100 000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի, կլինեն նաև խրախուսական մրցանակներ։ Հաղթողներին ընտրելիս նախապատվությունը կտրվի այն աշխատանքներին, որոնք հանդես կբերեն շարադրանքի համապատասխանություն թեմային, ստեղծագործական միտք, մոտիվացիա, տրամաբանական փաստարկում, լեզվական գրագիտություն։

Մրցույթի լուսանկարները տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։