Change Lab-ում ավարտվեց «Թվային աշխարհում խնդիրներ լուծողներ-2.0» դասընթացը
ՀՊՏՀ Change Lab-ի և SMARTOLOGY Digital Business Academy-ի եռամսյա դասընթացը՝ «Թվային աշխարհում խնդիրներ լուծողներ-2.0» խորագրով, մայիսի 27-ին ավարտվեց: Կազմակերպիչների խոսքով՝ եռամսյա դասընթացին դիմել էր 203 անձ, ուղարկվել էր 139 մոտիվացիոն նամակ, 1-ին փուլին մասնակցել էր 76 հոգի, 2-րդ փուլ էր անցել 51-ը, որից 25-ը որակավորման փուլից հետո ստացավ վկայական և համալրեց Change Lab-ի թիմը։
SMARTOLOGY Digital Business Academy-ի տնօրեն, մեր բուհի մարքեթինգի պատասխանատու Արտակ Հարությունյանը asue.am-ի հետ զրույցում ասաց, որ դասընթացն իրականացվել է հագեցած օրակարգով՝ վեբինարներ առցանց և անցանց հարթակներում, ռազմավարությունների մշակում, շնորհանդեսներ և եզրափակիչ փուլում 20 բիզնես էջերի հետ աշխատանք։
«Յուրաքանչյուր հաջորդ փուլի համար մասնակիցներն անցել են հատուկ մշակված որակավորման փուլ, իսկ եզրափակչում հնարավորություն ունեցան աշխատելու սոցիալական մեդիայում գործող 20-ից ավելի բիզնես-էջերի հետ, գովազդ միացնել, ինչից հետո ստացան աշխատանքի առաջարկներ, այդ թվում՝ այն բիզնես-էջերից, որոնց համար աշխատել էին»,- նշեց մեր գործընկերը։
Change Lab-ի հիմնադիր-տնօրեն Արտակ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացի նպատակը ուսանողներին գործնական գիտելիք հաղորդելն էր, ինչպես նաև այն բոլոր հմտությունների փոխանցումը, որոնցով իրենք կկարողանան մտնել աշխատաշուկա, փոփոխություններ մտցնել իրենց ոլորտում։ «Այսինքն, նրանք ստացան պրակտիկ գիտելիք, սովորեցին դրանք կիրառել գործնականում, հասկացան, թե որքան կարևոր են փոփոխությունները, որոնք հեշտ չէ իրականացնելը, և որ՝ փոփոխությունների գործակալ լինելու համար հարկավոր է գիտելիք։ Կարծում եմ՝ մենք մեր առջև դրված նպատակին հասանք»,- ասաց Արտակ Ասլանյանը։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին