Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը
14.04.2021
Դիտումների քանակ՝ 1058
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն այսօր գումարեց հերթական նիստը։ Նիստի կարևոր որոշումները հակիրճ ներկայացնում ենք ստորև։
- Հաստատվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ակադեմիական կազմի ձևավորման կանոնակարգը, ուժը կորցրած ճանաչվեց գիտական խորհրդի 2019 թ. ապրիլի 30-ի նիստում (արձանագրություն N 11) հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։
- Կայացավ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի արդյունքում գիտխորհրդի փակ, գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, դոցենտ Վարդան Աթոյանը: Բուհի ղեկավարությունը շնորհավորեց ամբիոնի նորընտիր վարիչին և մաղթեց բեղմնավոր գործունեություն:
- Սահմանվեցին ուսումնական աշխատանքների ծավալի հաշվարկի և դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության նորմատիվները։
- Հաստատվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններին 2021 թ. առաջարկված հետազոտական ուղղությունների և նրանց կողմից ամրագրված հետազոտական թեմաների ցանկը։
- Որոշվեց փոփոխել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսի պարբերականությունը։ Այսուհետ բուհի գիտական հանդեսը կհրատարակվի տարեկան 6 անգամ (նախկինում 4-ի փոխարեն), որից 2-ը՝ անգլերեն՝ «Messenger International ASUE» անվանմամբ: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, «Բանբեր ՀՊՏՀ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դավիթ Հախվերդյանը նշեց, որ սա անհրաժեշտ է հանդեսի միջազգայնացման գործընթացի համար, որի ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են։
- Ընթացիկ հարցերի շարքում գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Ֆիրուզա Նորայրի Մայիլյանի «Մարդկային կապիտալի տեսություն» ուսումնական ձեռնարկը և «Երիտասարդ գիտնական» խորագրով ՀՊՏՀ ՈՒԳԸ 39-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածուն։
Գիտխորհրդի նիստում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը հաստատումից հետո կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին