ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ներկայացուցիչները մասնակցել են Փարիզի խաղաղության համաժողովին
Նոյեմբերի 11-13-ը կայացել է Փարիզյան խաղաղության 2-րդ համաժողովը, որին հրավերով մասնակցել են ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Գագիկ Աղաջանյանը, դոցենտ Աննա Կարապետյանը, ասիստենտ Նորա Այվազյանը: ՀՊՏՀ ներկայացուցիչները ներգրավված են եղել շրջակա միջավայրի պահպանության և կրթություն բաժանմունքների աշխատանքներում, լսել են տարբեր երկրների ղեկավարների, փորձագետների զեկուցումներն ու մասնակցել պանելային քննարկումների:
Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Ինչպես asue.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Աղաջանյանը՝ համաժողովի վերոնշյալ բաժանմունքներում արծարծվել են գլոբալ տաքացման, կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, կայուն քաղաքների ձևավորման առանձնահատկությունները, օդանավակայանների կանաչ քաղաքականության, կրթության հասանելիության, բնապահպանական կրթությանն առնչվող հարցեր:
Մեր պատվիրակները վերադարձել են վառ տպավորություններով, փորձառած ու նոր գիտելիքով զինված և նախատեսում են այն փոխանցել ուսանողներին:
Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ եկող տարի ամբիոնը համաժողովին կներկայացնի նախագիծ, հաղթելու դեպքում համաժողովում հանդես կգա իբրև զեկուցող:
Համաժողովի մասին ամփոփ տեսանյութը՝ նշված հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին