ՀՊՏՀ մարզիկների հաղթանակները շարունակվում են

15.11.2021
Դիտումների քանակ՝ 1021

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում նոյեմբերի 11-ին կայացած ուժային եռամարտի առաջնությանը, որին մասնակցում էին հանրապետության 12 բուհերի շուրջ 100 ուսանողներ, ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Թաթոյանը, 60 կգ քաշային կարգում ցուցաբերելով 107.5 կգ արդյունք, գրավել է 1-ին հորիզոնականը։

Ինչպես տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՊՏՀ մարզիկներն իրենց փայլուն են դրսևորել նաև նոյեմբերի 6-12-ը կայացած ֆուտզալի առաջնությանը։ ՀՀ ուսանողական մարզական 22-րդ խաղերի շրջանակում անցկացվող այս առաջնությանը մասնակցում են համալսարանական 14 թիմերի շուրջ 160 ուսանող մարզիկներ։ Եզրափակչում 6։1 հաշվով հաղթանակ տանելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ՝ ՀՊՏՀ ուսանողական թիմը (մարզիչ՝ Հովհաննես Գաբրիելյան) դարձել է առաջնության չեմպիոն։ Խաղում հատկապես աչքի են ընկել Նարեկ Գասպարյանը, Միխայիլ Մուրադյանը և դարպասապահ Էրիկ Հարությունյանը։

Ի դեպ, ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ «ՀՊՏՀ Երևան»-ը,  որը հանդես է գալիս ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբում և 2021-2022 թթ․ մրցաշրջանի 5 խաղերում գրանցել է 1 ոչ-ոքի և 4 հաղթանակ, այսօր հանդիպելու է «Երևան» ֆուտզալի ակումբի հետ։ Մրցախաղի կենտրոնական հանդիպումը այսօր Ֆուտբոլի ակադեմիայում է, ժամը 19։00-ին։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին և երկրպագուներին առաջարկում ենք ներկա գտնվել խաղին և սատարել տղաներին։