Հայտնի դարձան «Աշնան մեղեդի» լուսանկարչական մրցույթի հաղթողները
«ՀՊՏՀ լավագույն ուսանող-2019» մրցանակաբաշխության ընթացքում այսօր հայտարարվեցին «Աշնան մեղեդի» լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները:
Նրանց մրցանակներ հանձնեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, լուսանկարիչ Սոնա Հակոբյանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը:
Առաջին տեղը զբաղեցրեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Տիգրանուհի Աբրահամյանը, երկրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Բաղդասար Աճեմյանը, երրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Թամարա Խուրշուդյանը:
Լավագույնը ճանաչված աշխատանքները ցուցադրվում էին մեծ էկրանից. ուսանողների հեղինակած լուսանկարներից կարծես աշնան մեղեդի էր ծորում, դրանք ինքնատիպ ու օրիգինալ էին: Մրցույթը տաղանդավոր ուսանողների համար ինքնադրսևորման յուրատեսակ հարթակ էր:
Հիշեցնենք, կազմակերպիչների խոսքով՝ հաղթողները որոշվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից:
Մրցանակակիրները ստացան հավաստագիր և դրամական պարգև (1-ին տեղ՝ 50.000 դրամ, 2-րդ տեղ՝ 30.000 դրամ, 3-րդ տեղ՝ 20.000 դրամ):
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակից բոլոր ուսանողների լուսանկարները եռօրյա ցուցադրությամբ ներկայացված են ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախասրահում:
Շնորհավորում ենք հաղթողներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին