Յասիի համալսարանի հետ էրազմուսյան համագործակցությունը խոստանում է արդյունավետ լինել

15.03.2023
Դիտումների քանակ՝ 1160

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մարտի 6-10 Ռումինիայում էր ՀՊՏՀ բիզնես վարչարարության ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Ռոբերտ Բաբայանը: Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների համար նա դասախոսել է ձեռնարկատիրության, ՀՀ ձեռնարկատիրական միջավայրի, հայազգի ձեռնարկատերերին նվիրված թեմաներով, ինչպես նաև մարտի 9-ին շնորհանդես է ներկայացրել «ՀՀ ստարտափային միջավայրի առանձնահատկությունները» խորագրով։

Ռոբերտ Բաբայանի փոխանցմամբ՝ արտերկրի ուսանողները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրել դասախոսությունները, ծանոթացել մեր համալսարանի ուսումնական, գիտակրթական ծրագրերին։

ՀՊՏՀ դասախոսը հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ է ունեցել Յասիի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, փոխդեկան Բոգդան Գաբրիել Զուգրավուի հետ դիտարկել հետագա համագործակցության հնարավորությունները, այցելել է նաև համալսարանի թանգարան, բուսաբանական այգի։

Յասիի համալսարանից Ռոբերտ Բաբայանը վերադարձել է վառ տպավորություններով։ «Այս այցն ինձ համար կարևոր էր հատկապես օտարերկրացի ուսանողների հետ աշխատելու փորձառության, ինչպես նաև հայկական մշակույթը, մեր բուհը, կրթական ծրագրերի առանձնահատկությունները ներկայացնելու տեսանկյունից։ Զարգացած և ժամանակակից կրթական համակարգ կայացնող գիտնական-մանկավարժների համար կարևոր են նման փոխանակման ծրագրերը, միջգիտակարգային և միջմշակութային հաղորդակցման այսպիսի հնարավորությունները»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Բաբայանը։