Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ (2020-2021 ուսումնական տարի)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍ նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարումՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ.
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
- հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար. 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
- բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և մնացած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: