Տնտեսական գիտաժողով Վաշինգտոնում

22.02.2013
Դիտումների քանակ՝ 391

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) հրավիրում է մասնակցելու «Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ» թեմայով տարեկան գիտաժողովին, որը տեղի կունենա 2013թ. հունիսի 1-2-ը, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում:

Այս մասին տեղեկանում ենք «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» («ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ) հայտարարությունից, որում մասնավորապես նշվում է.
Գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները կարող են ընդգրկել հետևյալ ենթաոլորտները`

1. Տնտեսական աճի խթանումը և պետական քաղաքականության ազդեցությունը:
2. Պետական ֆինանսներ՝ ներառյալ հարկային քաղաքականություն և հարկաբյուջետային կայունություն (fiscal sustainability):
3. Ընդգրկուն աճ` աշխատատեղերի ստեղծում, մրցունակության բարձրացում, մարդկային ներուժի զարգացում (կրթություն, առողջապահություն) և սոցիալական ապահովություն:
4. Ֆինանսական շուկաների զարգացում, խնայողությունների կուտակման նոր գործիքներ և ինստիտուտներ:
5. Այլ աշխատանքներ, որոնք ընդհանուր գծերով կամ անուղակիորեն են առնչվում գիտաժողովի գլխավոր խորագրին:

Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն 2013թ. հունիսի 1-2-ը Վաշինգտոնում կայանալիք գիտաժողովին` դրանք անձամբ կամ վիդեոկոնֆերանսի միջոցով ներկայացնելու համար: Լավագույն աշխատանքները կտպագրվեն «Armenian Journal of Public Policy» պարբերականում:

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հեղինակները կարող են ուղարկել իրենց աշխատանքների համառոտ բնութագրերը (abstract) info@aiprg.net հասցեով մինչև 2013թ-ի մարտի 22-ը: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն Ընտրող հանձնաժողովի կողմից մինչև 2013 թ.-ի ապրիլի 2-ը: Աշխատանքների վերջնական տարբերակները պետք է ուղարկվեն մինչև 2013թ-ի մայիսի 1-ը:
Հաշվի առնելով համառոտ բնութագրի բովանդակությունն ու ընտրված թեմայի արդիականությունը` որոշ դեպքերում հեղինակներին կթույլատրվի գիտաժողովին ներկայացնել աշխատանքի պրեզինտացիան` պայմանով, որ հեղինակը պարտավորվում է ներկայացնել ամբողջական աշխատանքը՝ «Armenian Journal of Public Policy» պարբերականում տպագրվելու ընտրության դեպքում:
Ընտրող հանձնաժողովի անդամներն են՝

Դավիթ Ջուլֆայան, Միդլբուրի քոլեջ
Ներկայացուցիչ Արժույթի միջազգային հիմնադրամից
Ռաշմի Շանկար, Համաշխարհային բանկ
Բրայան Ռոբերտս, «Econometrica, Inc»կազկակերպություն, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան
Ներսես Երիցյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ
Հեղինե Մանասյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստանի տնօրեն