Պատմվածքի մրցույթը շարունակվում է
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աննախադեպ նախագիծ: Նախագծի մասին հայտարարել ենք անցած շաբաթ, բայց տեղին ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել այն, որպեսզի ավելի լայն զանգվածներ տեղեկանան։
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ և նրա հետ համատեղ նախաձեռնում է պատմվածքի մրցույթ:
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողության շրջանում ընթերցասիրությունը , Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանակներում բացահայտել ստեղծագործական անհատականություններին, ներկայացնել ու խրախուսել նրանց, ինչպես նաև ընդարձակել «Տնտեսագետի» ընթերցողների և հեղինակների շրջանակը:
Նախագիծն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։
Հայտարարության տեքստը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Պատմվածքի մրցույթի պայմաններն են՝
- Թեմայի ազատ ընտրություն:
- Ծավալը. բառերը չպետք է գերազանցեն 2500 նիշը` բացատներն ու կետադրական նշանները ներառյալ (մոտավորապես 5 էջ, տողամիջյան հեռավորությունը՝ 1, տառատեսակը՝ sylfean, տառաչափը՝ 12)։
- Ներկայացված նյութը պետք է լինի ընթեռնելի, զերծ` տեխնիկական թերություններից և գրագետ շարադրված:
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ-ի (իհարկե, նաև մասնաճյուղերի) առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողները, դասախոսները, վարչական անձնակազմի անդամները, աշխատակիցները:
- Ներկայացվող պատմվածքը չպետք է տպագրված կամ որևէ մրցույթի ներկայացված լինի նախկինում:
- Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն:
- Ստեղծագործության վերջում նշել հետադարձ կապի տվյալները` հետախոսահամարներ, էլեկտրոնային հասցե:
Պատմվածքները կարելի է ներկայացնել ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, այնպես էլ ուղարկել news@asue.am anieavet@gmail.com էլեկտրոնային հասցեներին` մինչև 2013 թվականի մարտի 1-ը:
Նախապես ցանկանում ենք նշել, որ մասնակցության հայտ ներկայացնողները պետք է հանդես գան ծածկանուններով (կեղծանուններով): Մրցույթը համակարգող խումբն այս որոշումն ընդունել է` առավելագույն անաչառություն ապահովելու համար:
Մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի:
Հաղթողներին կորոշի մրցատյանը` հաշվի առնելով նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատմվածքների վերաբերյալ ընթերցողների արձագանքները (like–երը)։ Պատմվածքները հրապարակվելու են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), ինչպես նաև բուհի ֆեյսբուքյան էջում:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թվականի մայիսի սկզբին:
Պատմվածքներին ծանոթանալու համար այցելեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» բաժնի «Պատմվածքի մրցույթ» ենթաբաժին (http://www.asue.am/am/մեդիա/պատմվածքի-մրցույթ-299):
Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում: