Դոնեցկի ազգային համալսարանը հրավիրում է մասնակցելու տնտեսագիտական ամառային դպրոցի աշխատանքներին
Դոնեցկի ազգային համալսարանի Միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ամբիոնը Ուկրաինայում Բրիտանական խորհրդի, Տնտեսագիտական կրթության կենտրոնի, «Վնեշկոնսալտ» ընկերության և Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Միջազգային տնտեսագիտական ամառային դպրոց` նվիրված Դոնեցկի ազգային համալսարանի 75 ամյակին: Այն միջազգային տնտեսագիտություն մասնագիտություն ուսումնասիրող բուհերի ուսանողների համար է և կկայանա 2012 թ. օգոստոսի 23-ից մինչև 28-ը Դոնեցկ և Սվյատոգորսկ քաղաքներում:
Ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012 թ. օգոստոսի 23-ին Դոնեցկում:
Դպրոցի ծրագիրը նախատեսում է դասընթացներ, որոնք կկազմակերպեն Առևտրաարդյունաբերական պալատի, Տարածաշրջանային զարգացման վարչության ղեկավարները, ինչպես նաև կկայանան գիտական քննարկումներ Ուկրաինայի և օտարերկրյա գիտնականների միջև:
Միջազգային տնտեսագիտական ամառային դպրոցի նպատակներն են` բուհերի միջազգային տնտեսագիտական հարաբերություններ մասնագիտության ուսանողների կրթական մակարդակի բարձրացումը, ազգային կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, երիտասարդ գիտնականների միջավայրի ստեղծումը` հետագա գիտական համագործակցության նպատակով: Մասնակիցները կարող են հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն:
Միջազգային դպրոցի աշխատանքներին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել դիմում-հայտի լրացված թերթիկը (ցանկացողները ձևաթղթի նմուշը կարող են ստանալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից) և գիտական հոդված հետևյալ թեմաներով` «Միջազգային ինտեգրման գործընթացները գլոբալիզացիայի պայմաններում», «Ներդրումային գործունեության հատուկ ռեժիմ», «Միջազգային մարքեթինգ», «Արտադրական բիզնեսը զարգացած երկրներում», «Փոքր և միջին բիզնեսում բարեփոխումների զարգացումը», «Միջազգային բիզնեսի զարգացման էկոլոգիական խնդիրները», «Ազգային տնտեսության զարգացման նորարարական մոդելները», «Միջազգային տնտեսագիտական կապերի զարգացման հայեցակարգը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում», «Տեղեկատվական գործընթացների զարգացման հիմնահարցերը Ուկրաինայում և դրանց տեխնիկական սպասարկումը»:
Դպրոցի աշխատանքները կամփոփվեն ուսանողական գիտաժողովով, բոլոր մասնակիցներին կտրվեն վկայագրեր, իսկ լավագույն աշխատանքների համար` հավաստագրեր:
Փաստաթղթերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետն է 2012 թ. հունիսի 20-ը:
Օտարերկրյա մասնակիցները համագործակից բուհերից հրավիրվում են անվճար հիմունքներով: Ճանապարհածախսը հոգում է մասնակից կողմը: Մանրամասների համար այցելեք www.ises.org.ua.
Լրացված թերթիկները և հոդվածները ուղարկել էլ.փոստի summer school@mail.ru, ises4all@gmail.com հասցեով:
Հ.Գ. ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանի տեղեկացմամբ՝ ՀՊՏՀ-ն Դոնեցկի ազգային համալսարանի հետ կնքել է համագործակցության պայմանագիր, ինչը նշանակում է, որ մեր ուսանողները կարող են անվճար մասնակցել վերոնշյալ ամառային դպրոցի աշխատանքներին: