«ԵՄ և ԵԱՏՄ» միջազգային ամառային դպրոց՝ EUCON նախագծի շրջանակում

01.06.2023
Դիտումների քանակ՝ 1110

Ս․թ․ հունիսի 5-9 ՀՊՏՀ նիստերի դահլիճում (կառավարման ֆակուլտետ, 3-րդ հարկ) «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» նախագծի շրջանակում կկազմակերպվի «ԵՄ և ԵԱՏՄ» միջազգային ամառային դպրոցը։ Ամառային դպրոցին գրանցվելու համար մինչև ս․թ․ հունիսի 3-ը խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը։

Ամառային դպրոցի ընթացքում ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները, դրանց ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանային այլ երկրների վրա, հետևելու ոլորտի ամենաթարմ զարգացումներին: Ամառային դպրոցն անցկացվելու է անգլերենով՝ այդպիսով մասնակցության հնարավորություն ստեղծելով ԵԱՏՄ և ԵՄ անդամ այլ երկրների ներկայացուցիչների համար ևս։

Ամառային դպրոցը կունենա երկու ուղղություն` քաղաքական և տնտեսական։

1. Քաղաքական

Քաղաքական մասում մասնակիցներին կներկայացվեն միջազգային հարաբերությունների մի շարք տեսություններ՝ ինչպես «մեծ», այնպես էլ «միջին» տեսություններ, որոնք կօգնեն նրանց հասկանալ ԵԱՏՄ-ի ձևավորման հիմքում ընկած քաղաքական նկատառումները և առաջնորդների ընտրությունը։ Ամառային դպրոցը ինտերակտիվ դարձնելու նպատակով մասնակիցներին կառաջարկվեն դասընթացներ անհատական և կոլեկտիվ բանակցությունների հմտությունների վերաբերյալ: Բացի այդ, ճանաչողական այցեր կկազմակերպվեն ՀՀ Ազգային ժողով և ֆոնդային բորսա։ Ընդհանուր առմամբ, քաղաքական մասում կդասավանդվեն հետևյալ առարկաները ՝

  1. Ծանոթացում ԵՄ և ԵԱՏՄ ինստիտուտներին
  2. Ծանոթացում միջազգային հարաբերությունների տեսություններին
  3. Բանակցություններ

2. Տնտեսական

Ուսանողներին կներկայացվեն ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները: Համառոտ կներկայացվի ԵՄ տնտեսական քաղաքականությունը և կզուգակցվի ԵԱՏՄ-ում առկա պրակտիկայի հետ: Ընդհանուր առմամբ, տնտեսական մասում կդասավանդվեն հետևյալ առարկաները՝

  1. Տնտեսական ինտեգրման ներածություն
  2. Տնտեսական ինտեգրման ex-ante և ex-post գնահատում
  3. ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում առանցքային տնտեսական քաղաքականության և պրակտիկայի ներածություն

Բացի ՀՊՏՀ դասախոսներից, ամառային դպրոցում դասավանդելու և բաց քննարկումների են մասնակցելու մի շարք միջազգային դասախոսներ, EUCON ծրագրի անդամներ և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներ։

Միջազգային ամառային դպրոցն ավարտած ուսանողները կստանան համապատասխան միջազգային հավաստագիր և նվեր:

Օրակարգը կցվում է։